Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցի բացման «լուծում գտնելու հաջորդ փուլում» են, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով Դաունինգ սթրիթի հայտարարությանը։

Սթարմերը վայրէջք է կատարել Կատարում, որտեղ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ։

Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Սթարմերը ներկայացրել է «գործընկերներին հավաքելու Մեծ Բրիտանիայի ջանքերը՝ նավագնացության միջանցքի վերաբացման կենսունակ ծրագրի շուրջ համաձայնության գալու համար»։

«Նրանք համաձայնել են, որ այժմ, երբ հրադադար է հաստատվել և նեղուցը բացելու համաձայնագիր է ձեռք բերվել, մենք լուծում գտնելու հաջորդ փուլում ենք »,- ասվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Սթարմերը և Թրամփը «քննարկել են նավագնացությունը հնարավորինս արագ վերսկսելու գործնական ծրագիր մշակելու անհրաժեշտությունը»։