ԱՄՆ-ը հինգշաբթի կանչել է Վաշինգտոնում Իրաքի դեսպանին՝ դատապարտելով Իրանի աջակցությամբ վերջին հարձակումները Իրաքում ամերիկացի դիվանագետների և օբյեկտների վրա։
Պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն կանչել է Նիզար Խիրուլլահին՝ արտահայտելու համար ԱՄՆ կառավարության խիստ դատապարտումը. Պետքարտուղարությունն այդ գործողությունները որակել է Իրաքից ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի և օբյեկտների դեմ Իրանին առնչվող զինյալ խմբավորումների իրականացրած կոպիտ ահաբեկչական հարձակումներ։
Իրաքի դեսպանի կանչն առնչվում է նաև ապրիլի 8-ին Բաղդադում ամերիկացի դիվանագետների վրա հարձակմանը, հայտարարել է մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Թոմի Փիգոն։
«Վերջին շաբաթների ընթացքում հարյուրավոր նմանատիպ հարձակումներ են իրականացվել ԱՄՆ քաղաքացիների, դիվանագիտական օբյեկտների և առևտրային շահերի, ինչպես նաև Իրաքի հարևանների, իրաքյան հաստատությունների և քաղաքացիական անձանց դեմ, ներառյալ՝ Իրաքյան Քուրդիստանում»,- ասել է Փիգոն։
Գնահատելով հանդերձ Իրաքի անվտանգության ուժերի ջանքերը՝ Լանդաուն ընդգծել է այդ հարձակումները կանխելու Իրաքի կառավարության անկարողությունը, այն դեպքում, երբ Իրաքի կառավարությանն առնչվող տարրերը «շարունակում են ակտիվորեն քաղաքական, ֆինանսական և գործառնական աջակցություն ցուցաբերել աշխարհազորայիններին, ինչը բացասաբար է անդրադառնում ամերիկա-իրաքյան հարաբերությունների վրա»։
«Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի ԱՄՆ շահերի վրա հարձակումները և ակնկալում է, որ Իրաքի կառավարությունն անհապաղ կձեռնարկի բոլոր միջոցները՝ Իրաքում Իրանին առնչվող զինյալ խմբավորումները վերացնելու համար»,- հավելել է նա։





























