Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` փետրվարի 21-ին, Գարեգին Բ-ն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Քեթրին Ջեյն Լիչին եւ Ջոնաթան Ջեյմս Էյվզին եւ իր օրհնությունն ուղղել նրանց:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ նախորդ դեսպանների պաշտոնավարման շրջանում ձեւավորված սերտ կապերը դեսպանատան եւ Մայր Աթոռի միջեւ կշարունակվեն:

Հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել Մեծ Բրիտանիայի հայկական համայնքին եւ հայոց թեմի գործունեությանը: Գարեգին Բ-ն դեսպաններին ներկայացրել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու առջեւ ծառացած արդի մարտահրավերները, ինչպես նաեւ Մայր աթոռի գործունեությունը կրթական եւ սոցիալական ոլորտներում: