Վերսկսվել են «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նավաբեկության հետեւանքով անհետ կորածների որոնումները: Դրանց մասնակցում է Ֆրանսիայից եւ Շվեդիայից Իտալիա ժամանած փրկարար-ջրասույզների եվրոպական խումբը:
Այս մասին հաղորդել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամետի ղեկավար Ֆրանկո Գաբրիելին: Նա նաեւ տեղեկացրել է, որ հոլանդական եւ գենոական ընկերությունների մասնագետները հաջողությամբ իրագործում են նավի բաքերից վառելիքը դատարկելու գործողությունները:
Գաբրիելին հերքել է այն հայտարարությունները, թե իբր նավի ծանրությունից սկսել են փլուզվել ստորջրյա ժայռերը, ինչը կհանգեցնի նավի լիակատար խորտակմանը: Նման ենթադրությունների առիթ է դարձել Discovery ալիքով ցուցադրված ստորջրյա նկարահանումը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փետրվարի 11-ին նկարահանված տեսագրության համաձայն` «Կոստա Կոնկորդիան» անհավասար բարձրությամբ երկու ժայռերի վրա է հենված, այլ ոչ թե գտնվում է համեմատաբար հարթ հատակին, ինչպես կարծում էին մասնագետները: Նավի քթամասի եւ նավախելի միջեւ հենարան չկա, այնպես որ երկու ժայռերն էլ սկսել են փլվել` չդիմանալով նավի ծանրությանը:
Բայց Գաբրիելին հայտնել է, որ այս պահին տագնապ բարձրացնելն անտեղի է, քանի որ դրա համար օբյեկտիվ հիմքեր չկան: Նա հավատացրել է, որ նավի դիրքը մշտական վերահսկողության տակ է: Դրա դիմացկունությունը դիտարկվում է երեք տարբեր սարքերով:
«Կոստա Կոնկորդիան», որի վրա շուրջ 4 հազ. մարդ է գտնվել, վթարի է ենթարկվել 2012թ. հունվարի 14-ի գիշերը` իտալական Ջիլյո կղզու մոտակայքում: Զոհվել է 17 մարդ: Անհետ կորածներ են համարվում 15 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ:
Զբոսանավի ստորջրյա հատվածում որոնողական աշխատանքները դադարեցվել էին հունվարի 31-ին: Իտալիայի իշխանությունները քրեական գործ են հարուցել նավաբեկության փաստով: Նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն տնային կալանք տակ է:




























