Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին եւ քննարկել «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանն առնչվող մանրամասները:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակին` այս ծրագրի իրականացման նախաձեռնությամբ հանդես գալու եւ դրա իրականացմանն օժանդակելու համար: Նշենք, որ 2011 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների միջեւ ստորագրվել էր մտադրությունների մասին նամակ` կարգավորիչ գիլյոտինի միջոցով ՀՀ տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանում ընտրական գործընթացի կատարելագործման հարցում համագործակցության շուրջ: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի) գործունեությունն օրենսդրական դաշտի բարեփոխումների, գենդերային հավասարության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտներում իրականացվող ծրագրերում: