Ավստրալիայի պատմության մեջ առաջին անգամ կին է նշանակվել երկրի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում, հայտնում է Reuters-ը։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ հուլիսից երկրի բանակն առաջին անգամ կղեկավարի կին՝ գեներալ-լեյտենանտ Սյուզան Քոյլը, ով ներկայումս զբաղեցնում է միացյալ ուժերի պետի պաշտոնը։
Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ ստանձնելով ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը՝ նա կփոխարինի գեներալ-լեյտենանտ Սայմոն Ստյուարտին։
Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը Ս. Քոյլի նշանակումը բնորոշել է որպես պատմական իրադարձություն: Նրա խոսքով՝ այս որոշումը մեծ նշանակություն կունենա ինչպես բանակում ծառայող կանանց, այնպես էլ ապագայում նման որոշում կայացնող կանանց համար։
Նշվում է, որ այս նշանակումը տեղի է ունեցել Ավստրալիայի զինված ուժերի՝ կին սպաների թիվն ավելացնելուն ուղղված ջանքերի, ինչպես նաև բանակում համակարգային սեռական ոտնձգությունների և խտրականության վերաբերյալ հնչող մեղադրանքների ֆոնին։





























