Միացյալ Նահանգները մտադիր է կտրուկ ընդլայնել PrSM գերճշգրիտ հրթիռների զինանոցը. 2027 ֆինանսական տարվա բյուջեի նախագծով այդ նպատակով պահանջվել է 1,92 մլրդ դոլար, ինչը գրեթե քառապատիկ գերազանցում է 2026-ի հատկացումները (546 մլն դոլար)։ Այս մասին են վկայում Պենտագոնի բյուջետային փաստաթղթերը, որոնց մանրամասներին ծանոթացել է «ՌԻԱ Նովոստին»։
PrSM հրթիռները մշակվել են հնացող ATACMS-ներին փոխարինելու համար և առանձնանում են առավել մեծ հեռահարությամբ ու ճշգրտությամբ։ Մարտական պայմաններում դրանք առաջին անգամ կիրառվել են ընդամենը մեկ ամիս առաջ՝ Իրանի դեմ իրականացված գործողության ժամանակ։ Մարտին Պենտագոնն ու Lockheed Martin ընկերությունը համաձայնագիր են ստորագրել այս հրթիռների արտադրությունը քառապատկելու վերաբերյալ։





























