Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջը մեղադրել են կոռուպցիայի մեջ։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
«Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, բազմամյա քրեական հետաքննությունից հետո մեղադրվել է ազդեցության չարաշահման և կաշառակերության մեջ», — ասվում է հոդվածում։
Հոդվածում նշվում է, որ կառավարությունը բազմիցս հերքել է Գոմեսի հասցեին հնչող ցանկացած մեղադրանք: Միևնույն ժամանակ շեշտվում է, որ այս գործընթացն ուժեղացնում է Սանչեսի նկատմամբ գործադրվող քաղաքական ճնշումը:
2024 թվականին Սանչեսը հայտարարել էր, որ մտադիր չէ լքել պաշտոնը, թեև դատարանը որոշել էր քննչական գործողություններ սկսել իր տիկնոջ՝ Բեգոնյա Գոմեսի դեմ: Նա պնդել էր, որ իր և կնոջ դեմ զրպարտչական արշավ է սկսվել։ Վարչապետի խոսքով՝ թեև այդ արշավը դեռ կշարունակվի, իրենք վստահ են, որ կդիմակայեն հարձակումներին։ Նա նաև շնորհակալություն էր հայտնել բոլորին՝ համերաշխության և աջակցության համար:



























