Ֆլորիդայի դատարանը մերժել է The Wall Street Journal-ի դեմ Դոնալդ Թրամփի ներկայացրած 10 միլիարդ դոլարի հայցը։ Պատվի և արժանապատվության պաշտպանությանը վերաբերող հայցի մերժման մասին հայտնել է հենց պարբերականը։

Նշվում է, որ հայցի առիթը WSJ-ի 2025 թվականի հուլիսյան հոդվածն է։ Դրանում խոսք էր գնում մի բացիկի մասին, որն, ըստ հրապարակման, Թրամփը նվիրել էր սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտված և արդեն հանգուցյալ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին։

2025 թվականի սեպտեմբերին այդ բացիկի լուսանկարը հրապարակել էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները։ Բացիկի վրա պատկերված է կնոջ մերկ մարմնի ուրվագիծ, որի վրա տպագրված է «Ջեֆրիի» և «Դոնալդի» երկխոսությունը։ Այն ավարտվում է հետևյալ արտահայտությամբ. «Ծնունդդ շնորհավոր, և թող ամեն օրդ լինի մի նոր հրաշալի գաղտնիք»։

The Wall Street Journal-ի հոդվածում, ի թիվս այլ մանրամասների, շեշտվում էր, որ Թրամփը հերքում է բացիկը Էփշտեյնին ուղարկելու փաստը և սպառնում է դատի տալ պարբերականին։

Ինչպես հայտարարել է դատավորը, զրպարտության փաստն ապացուցելու համար Դոնալդ Թրամփին անհրաժեշտ էր ցույց տալ, որ պարբերականը և դրա լրագրողները գործել են «չարամիտ դիտավորությամբ», այսինքն՝ միտումնավոր կեղծ տեղեկատվություն են հրապարակել կամ անխոհեմաբար անտեսել են ճշմարտությունը։

«Թրամփին չհաջողվեց ապացուցել, որ լրագրողները գործել են չարամտորեն և կանխամտածված ձևով խուսափել են ստուգել իր այն պնդումը, թե նամակը կեղծ է», — նշված է հրապարակման մեջ։ Ֆլորիդայի շրջանային դատարանի դատավոր Դերին Գեյլսն իր որոշման հիմնավորման մեջ ընդգծել է. «Հայցը նույնիսկ մոտ չէ այդ չափանիշին. ընդհակառակը»։ Ի դեպ, հոդվածում նշվում է, որ դատավոր Գեյլսն այդ պաշտոնում նշանակվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից։

Դատավորը շեշտել է, որ նյութը պատրաստելիս լրագրողները մեկնաբանություն ստանալու համար դիմել են անձամբ Թրամփին, ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնյաներին, ինչպես նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ)։ «Կարճ ասած՝ թե՛ հայցադիմումը, թե՛ հոդվածը հաստատում են, որ պատասխանող կողմը փորձել է հետաքննություն անցկացնել», — եզրակացրել է Գեյլսը։ Նա հավելել է, որ Թրամփը կարող է լրամշակել իր հայցն ու այն կրկին ներկայացնել մինչև ապրիլի 27-ը։ Թրամփի փաստաբանական թիմի ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ նախագահը «հզոր հայց» կներկայացնի The Wall Street Journal-ի և մյուս պատասխանողների դեմ։