Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 15–ին, մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։
Այսօրվա նիստին Սամվել Կարապետյանը պատասխանեց դատարանի հարցերին` իր ինքնության վերաբերյալ. «Ես ՀՀ-ի քաղաքացի եմ, ունեմ նաեւ Ռուսաստանի եւ Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել ենք գործընթաց ՌԴ-ի եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու»։
Կարապետյանը նաեւ հայտնեց` ունի բարձրագույն կրթություն, տնտեսագիտության դոկտորի կոչում, ամուսնացած է, ունի 3 չափահաս երեխա, իր խնամքին ոչ ոք չկա։
Իր աշխատելու վերաբերյալ էլ նշեց. «Աշխատում եմ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ունեի աշխատանք` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն էի»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ տասը ամիս տևած քննությունից հետո այսօր՝ ապրիլի 15–ին մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:
Առաջին նիստին ընդառաջ Կարապետյանների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատավորը առաջնահերթ քննի Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտարարել էր. «Ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար և կարևոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին։ Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ դա կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին»։
Փաստաբանը հիշեցրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ընդունում է քաղաքական ուժերի հայտերը, կազմում է ցուցակները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը։




























