Նորվեգիայի խորհրդարանը ապրիլի 15-ին հավանություն է տվել սեռական հանցագործությունների համար դատապարտված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով հետաքննող հանձնաժողով ստեղծելու որոշմանը, գրում է NRK-ն։

Խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել անկախ քննչական հանձնաժողովի ստեղծմանը, որը կհետաքննի նորվեգական դիվանագիտական ծառայության գործունեությունը՝ Էփշտեյնի վերաբերյալ տեղեկատվության բացահայտման հետ կապված։

Հանձնաժողովը կգլխավորի Dagens Næringsliv թերթի նախկին գլխավոր խմբագիր և գլխավոր տնօրեն Ամունդ Ջուվեն։

Թիմում ներգրավված են նաև դատավոր Քյերստի Բուուն Նյուգաարդը (փոխնախագահ), փաստաբան և հետախուզական ոլորտի փորձագետ Հյուգո-Ա. Բ. Մունտե Կաասը, ինչպես նաև շվեդ դիվանագետ Աքսել Վերնհոֆը։

Գործի վերաբերյալ վերջնական զեկույցը նախատեսվում է ներկայացնել մինչև 2028 թվականի հունվարի 31-ը։

Նորվեգիան այն երկրներից է, որտեղ Էփշտեյնի գործի միլիոնավոր էջերի հրապարակումն ամենամեծ սկանդալն է առաջացրել։ Ամենաաղմկահարույց բացահայտումները վերաբերում էին Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար և Նորվեգիայի նախկին վարչապետ Թյուրբյորն Յագլանդին, որը կասկածվում է կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։

Բացի Յագլանդից, հեղինակության լուրջ խնդիրներ են առաջացել նաև Նորվեգիայի կրոնպրինցեսա (թագաժառանգ արքայադուստր) Մետտե-Մարիտի համար։

Էփշտեյնի հետ Մետտե-Մարիտի շփումների, ինչպես նաև նրա որդու դեմ հարուցված աղմկահարույց քրեական գործի պատճառով՝ նորվեգացիների շրջանում միապետությանն ուղղված աջակցությունը նվազել է մինչև ռեկորդային նվազագույն մակարդակի։