Ընդդիմությանը կոչ եմ անում միասնական հանրահավաք հրավիրել մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը (այն կսկսվի մայիսի 8-ին – խմբ.): Ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ նման հանրահավաքը կփաստի իշխանական բռնաճնշումների ֆոնին ընդդդիմության համախմբվածությունը և կարևոր ազդակ կլինի հանրության համար։
Նրա խոսքով՝ չնայած տարաձայնություններին, առանցքային հարցի կոնսենսուս է առկա՝ ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման շուրջ։ «Խոսքը ոչ միայն միասնական հանրահավաքի հրավերի, այլ ընդդիմադիր ուժերի համախմբման ավելի լայն նախաձեռնության մասին է։ Այս առաջարկը նոր չէ, այն արդեն մի քանի ամիս է՝ քննարկվում է տարբեր քաղաքական դերակատարների հետ»,- ասել է Սաղաթելյանը՝ նշելով, որ չնայած առաջիկա ընտրություններում ընդդիմադիր ուժերի միջև առկա մրցակցությանը, կան հիմնարար հարցեր, որոնք պահանջում են համատեղ գործողություններ։ Դրանց թվում են ընտրությունների օրինականության ապահովումը, քաղբանտարկյալների պաշտպանությունը և իշխանությունների ապօրինի գործողություններին հակազդեցությունը։
Պատգամավորը հիշեցրել է վերջին ձերբակալությունների մասին ու չի բացառել, որ սա դեռ շարունակվելու է։ Նրա կարծիքով՝ իշխանությունները վարչական լծակներն ու դատարաններն օգտագործում են ընդդիմությանը լռեցնելու համար։ Սաղաթելյանը զգուշացրել է, որ եթե մարդիկ ու քաղաքական ուժերը կոշտ չարձագանքեն՝ ճնշումներն ավելի են մեծանալու։ «Իշխանությունը թող չկարծի, թե մենակ մարդ բռնելով հարց է լուծելու»,- ասել է նա ու հավելել, որ նման գործելաոճը կարող է լուրջ փողոցային պայքար հրահրել։
Անդրադառնալով քաղբանտարկյալների թեմային՝ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ ընդդիմադիրներին բանտերում պահելը միայն մի բան է փաստում, որ իշխանությունը վախենում է արդար քաղաքական պայքարից։ Սակայն, ըստ նրա, եթե իրական դիմադրություն չլինի, ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու այս գործելաոճը շարունակվելու է։
Ընդդիմադիր գործիչը նաև նշել է, որ իր գնահատմամբ, այսօր ընդդիմությունն ավելի շատ աջակիցներ ունի, քան իշխանությունը։ Բայց հարցը միայն ձայները չեն. կարևորն այն է, թե որքանով կկարողանան վերահսկել ընտրությունների ընթացքն ու գործնականում հակազդել հնարավոր կեղծիքներին։
Իշխան Սաղաթելյանն ընդգծել է, որ իրենց քաղաքական թիմը բաց է համագործակցության համար թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո։ Նրանք պատրաստ են աշխատել բոլոր այն ընդդիմադիրների հետ, ովքեր նպատակ ունեն հեռացնել գործող իշխանությանը։ «Եթե չկա մի ուժ, որը կարող է միայնակ հաղթել, ապա համագործակցությունից հրաժարվելն ուղղակի անհասկանալի է»,- եզրափակել է նա։





























