Մեծ ծավալով տեղեկատվություն հայտնել չեմ կարող, որովհետև մենք էլ այս պահին չգիտենք, թե կոնկրետ քանի անձ է ներկայացվել, կամ բերման ենթարկվել, կամ ձերբակալվել, կոնկրետ որ ստորաբաժանում են գտնվում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նշենք, որ վերջին տվյալներով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի տարբեր գրասենյակներից բերման է ենթարկվել շուրջ 15 մարդ։ Ենթադրաբար, հիմքը բարեգործության արգելքը խախտելն է։
«Ասացին, որ Ագեձորում են, Ագեձորի ստորաբաժանում էլ մարդ կա, այստեղ էլ մարդ կա, բայց կոնկրետ քանակության մասին չգիտենք։ Ունենք տեղեկատվություն, որ այս պահին մի անձի է մեղադրանք ներկայացվել, քննարկվում է խափանման միջոցի հարցը, մեկ անձ ձերբակալված է։Հիմքը՝ ընտրակաշառք, բարեգործության դրույթների խախտում։
Բերման ենթարկվածների թիվը վերջին տվյալներով 15-ն է, այս պահին այլ տեղեկատվություն չունենք։ Բայց եկեք քննարկենք ընդհանուր իրավիճակը, այն հապճեպությամբ, օպերատիվությամբ, որ ուժային կառույցները, իրավապահ համակարգը արձագանքում է այս դեպքերին, եթե այս օպերատիվությամբ արձագանքեին մնացած բոլոր դեպքերին, մենք կունենայինք հանցավորության էական նվազում, մինչև այս պահին չունենք։
Ուշի ուշով հետևում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությանը, որևէ փաստաբան չի կարող խրախուսել առերույթ հանցանքի ցանկացած դեպք, այս պահին մեղադրանքին ծանոթ չեմ, հետևաբար իրավական գնահատական տալ չեմ կարող, բայց այն օպերատիվությունը, այն համակարգվածությունը, ինչ մենք տեսնում ենք, որ ծավալվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ, գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում»,–ասաց Հովհաննիսյանը։



























