ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Եվրամիության արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման գործակալության /Ֆրոնտեքս/ ղեկավար Իլկա Լայտինենն, այսօր` փետրվարի 22-ին, ստորագրել են աշխատանքային համաձայնագիր, որով նախանշվում է Հայաստանի եւ Ֆրոնտեքսի միջեւ հետագա համագործակցության օրակարգը:
Ըստ Արթուր Բաղդասարյանի խոսքով` Ֆրոնտեքսի` Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործում կարեւորագույն դերակատարությունն ունեցող մարմնի հետ համագործակցությունը նշանակում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում, Եվրամիության դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների վարչական կարողությունների հզորացում, տեխնիկական վերազինում, ինչպես նաեւ համատեղ վերլուծություններ եւ փորձի փոխանակում:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իլկա Լայտինենը առանձնացրել է երեք գործոններ, որոնք հիմք հանդիսացան համագործակցության արագ մեկնարկի, սահուն եւ արդյունավետ ընթացքի եւ համաձայնագրի ստորագրման համար, այն է` Հայաստանի ղեկավարության քաղաքական մեծ պատրաստակամությունը, Հայաստանում սահմանների համալիր կառավարման հաջողված ռազմավարությունը եւ միջազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի եւ ԵՄ հաստատությունների աջակցությունը: Իլկա Լայտինենը հավելել է, որ համաձայնագրի ստորագրմանը անմիջապես հետեւելու է դրանից բխող գործողությունների ծրագրի մշակումը, որում ներառվելու են բոլոր համապատասխան գործողությունները եւ միջոցառումները:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նաեւ տեղեկացրել է, որ քննարկվել է առաջիկայում Հայաստանում կադրերի վերապատրաստման տարածաշրջանային ենթակառուցվածք ստեղծելու խնդիրը, որը մշտապես բարձր որակավորում կապահովի պետական սահմանի հետ առնչվող բոլոր պետական կառավարման մարմինների համար:




























