Եթե առաջիկա հանրաքվեի ընթացքում մեծամասնությունը կողմ քվեարկի Շոտլանդիայի` Մեծ Բրիտանիայից անջատվելուն, դա մեծ ազդակ կլինի ինքնորոշումների շղթայում, քանի որ Շոտլանդիան Սուդան չէ, եւ ոչ էլ` Կոսովո: Այդ մասին, այսօր` փետրվարի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար
Կարեն Բեքարյանը` խոսելով Շոտլանդիայի` Մեծ Բրիտանիայից անջատման հնարավոր գործընթացների մասին:
Նրա խոսքով, Շոտլանդիայի անկախացումը կդառնար կարեւոր եւ շատ լուրջ ազդակ ինքնորոշվող երկրների շղթայում. «Սակայն ներկա պահին կարեւոր է ոչ այնքան հանրաքվեի արդյունքները, որքան բուն քննարկումներ գործընթացը, սկսված դիսպուտները:
Դիսպուտ վարելու մշակույթը կարեւոր եւ լավ օրինակ է մեզ համար ու մտորելու տեղիք է տալիս: Ես նկատի ունեմ բոլորի համար` չբացառելով մեր տարածաշրջանի երկրներին:
Մեծ Բրիտանիայում ոչ ոք չի հայտարարում, որ հանրաքվեին պետք է մասնակցի Մեծ Բրիտանիայի ամբողջ բնակչությունը, ոչ ոք ուժի սպառնալիք չի կիրառում, այնտեղ կասկածի տակ չի դրվում ոչ ազգերի ինքնորոշման իրավունքը, ոչ էլ հանրաքվեի հավանական արդյունքները»,-ասել է նա:
Զուգահեռներ անցկացնելով Ղարաբաղի իրավիճակի հետ` փորձագետը հիշեցրել է, որ ավելի վաղ Ադրբեջանը, բարձրացնելով ԵԱՀԿ Մինսկին խմբում Ֆրանսիայի համանախագահությունը փոխելու հարցը, միշտ հիշեցրել է Մեծ Բրիտանիային, եւ միայն վերջին տարիներին է սկսել նշել Գերմանիայի անունը, որը պատահական չէ:
Պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ նման քաղաքակիրթ դիսպուտը կարող է կիրառելի դառնալ Ղարաբաղի հարցի կապակցությումբ, Բեքարյանը նշել է, որ անհրաժեշտ է, որ Հայաստանը, Ղարաբաղը եւ Ադրբեջանը պայմանագիր կնքեն ուժի կիրառումը բացառելու համար. «Մի կողմից, բանակցություններ են տարվում, իսկ մյուս կողմից էլ սպանություններ են տեղի ունենում շփման գոտում, մշտապես սպառնալիքներ են հնչում ուժի կիրառման վերաբերյալ, բեկման սպասելը շատ բարդ է: Նման պայմանագրի ստորագրումը կնպաստի բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտի ձեւավորմանը»:




























