Հայաստանում ներկայում հաշվառված է օգտակար հանածոների մոտ 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:

Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետեւյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին ինչպես նաեւ նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:

Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են  7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու եւ ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային եւ 1 ալյումինահանքային հանքավայր:

Հանքաքարերում բացահայտված է հազվադեպ եւ ցրված տարրերի առկայություն` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ եւ այլն:

Հանրապետության տարածքում առկա են 15 պոչամբարներ, որոնց ծավալները անցնում են մի քանի մլն. խոր. մ-ից եւ զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես: Ներկայումս պոչամբարներում կուտակված օգտակար հանածոների արդյունահանման եւ վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները չեն օգտագործվում, չնայած դրանք պարունակում են մեծ քանակությամբ բազմամետաղներ: Ըստ բնապահպանների` պոչամբարները կարող են վտանգավոր լինել ուժեղ երկրաշարժերի ժամանակ: