Վիկտոր Օրբանի պարտությունն ըտրություններում ազդանշան դարձավ եվրոպացի «աջերի» համար, որպեսզի վերանայեն վերաբերմունքը Դոնալդ Թրամփի հանդեպ։ Այս մասին գրել է Politico-ն։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփի աջակցությունը, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությունը քարոզարշավին, չի օգնել Օրբանին եւ կարող էր բացասաբար ազդել դրա արդյունքների վրա։ Սա մտահոգություններ է առաջացրել եվրոպական ծայրահեղ աջ կուսակցությունների շրջանում, որ Վաշինգտոնի հետ սերտ կապերը վնասում են իրենց ընտրական հեռանկարներին։

Ինչպես հաղորդել է Politico-ն, Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենն արդեն կոչ է արել իր կուսակիցներին հեռու մնալ Թրամփից։ Նմանատիպ տրամադրություններն աճում են նաեւ այլ երկրներում։

Լրացուցիչ գործոն էր Թրամփի կոնֆլիկտը Հռոմի պապ Լեւոն XIV-ի հետ, ինչպես նաեւ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի քննադատությունը, որն այդ ժամանակվանից ի վեր նույնպես սկսել է հեռանալ նրա հետ նախկին մերձությունից։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Մերձավոր Արեւելքում պատերազմի եւ էներգակիրների գների աճի ֆոնին եվրոպացի ընտրողները ԱՄՆ քաղաքականությունն ավելի ու ավելի են ընկալում որպես խնդիրների աղբյուր։ Այս պայմաններում Թրամփի հետ կապվելը դառնում է քաղաքական ռիսկ։

Պարբերականը նշել է, որ աջակողմյան կուսակցությունները, այդ թվում՝ Գերմանիայի համար այլընտրանքը (AfD), արդեն վերանայում են իրենց ռազմավարությունը՝ կրճատելով կապերը ամերիկացի դաշնակիցների հետ։ Նույնիսկ այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսին է Նայջլ Ֆարաջը, որը նախկինում ակտիվորեն աջակցում էր Թրամփին, ավելի զուսպ են դարձել նրա մասին իրենց հայտարարություններում։

Փորձագետների կարծիքով՝ եվրոպական «աջերի» համար ԱՄՆ-ի հետ դաշինքը կորցնում է նախկին գրավչությունը՝ ամերիկյան քաղաքականության կանխատեսելիության նվազման եւ անվտանգության երաշխիքների թուլացման պատճառով։