Ռուսաստանը կձգտի պահպանել ճնշումը Հայաստանի հանդեպ՝ միաժամանակ գործողություններ չիրականացնելով, որոնք վերջնականապես Երեւանը կկտրեն Մոսկվայից. այսպիսի եզրահանգման է եկել Stratfor վերլուծաբանական կենտրոնը։
Դիմակայության հիմնական առարկան մնում է հայկական երկաթուղիների վերահսկողությունը, որոնք կառավարվում են ռուսական պետական ընկերության կողմից: Հարցը հատկապես սրվել է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից աջակցվող TRIPP տարանցիկ միջանցքին Հայաստանի մասնակցելու ձգտումը: Երեւանն արդեն առաջարկել է այսպես կոչված «բարեկամական գնում»՝ կոնցեսիոն իրավունքները փոխանցելով երկու կողմերի համար ընդունելի երրորդ երկրի: Մոսկվան մերժել է այս առաջարկը եւ զգուշացրել է հակամարտության հնարավոր ավելի լայն տարածման մասին երկկողմանի հարաբերությունների վրա։
Ռուսաստանն ունի ճնշման գործիքների լայն զինանոց՝ առեւտրային եւ մաքսային սահմանափակումներ, գազի գներ բարձրացում, Մեծամորի ատոմակայանի եւ Գյումրու ռազմակայանի միջոցով ազդեցության լծակներ, ինչպես նաեւ դրամական փոխանցումների եւ ՀՀ քաղաքացիների ռուսական աշխատաշուկա մուտք գործելու սահմանափակումներ: Սակայն Stratfor-ը զգուշացնում է, որ չափազանց կոշտ միջոցառումները կարող են խթանել հակառուսական տրամադրությունները Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ եւ արագացնել հենց այն գործընթացները, որոնք Մոսկվան ձգտում է արգելակել:
Ռուսաստանի արձագանքի մասշտաբը եւ ժամկետները շատ բանով կորոշվեն մայիսի 4-5-ը Երեւանում կայանալիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթաժողովի արդյունքներով: Որքան ավելի կոնկրետ աջակցություն ցուցաբերի Բրյուսելը էներգետիկայի, տրանսպորտային կապի եւ քաղաքական հարաբերությունների ոլորտներում, այնքան ավելի հավանական կլինի Կրեմլի կոշտ արձագանքը։
Մերձավոր Արեւելքում անկայունությունը մոտ ապագայում կդանդաղեցնի TRIPP-ի իրականացումը, քանի որ արեւմտյան գործընկերները վերանայում են հայ-իրանական սահմանի մոտ ներդրումների նպատակահարմարությունը: Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում պատերազմը կարող է պարադոքսալ կերպով ամրապնդել Հարավային Կովկասով եւ Կենտրոնական Ասիայով ոչ ռուսական միջանցքների ռազմավարական հիմնավորումը: Եթե Իրանում հակամարտությունը ձգձգի եւ սահմանափակի Ադրբեջանի մուտքը Նախիջեւան Իրանի տարածքով, Բաքուն ստիպված կլինի մշակել այլընտրանքային երթուղիներ Հայաստանով, ինչը կամրապնդի TRIPP-ի ինչպես առեւտրային, այնպես էլ քաղաքական տրամաբանությունը:




























