Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել բանակցությունները՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների շուրջ։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ խոսքն ամենևին էլ Իրանի կողմից միջուկային ծրագրից ընդհանրապես հրաժարվելու մասին չէ։

«Իհարկե, մենք համաձայն ենք», — պատասխանել է Փեզեշքիանը CBS News-ի այն հարցին, թե արդյոք պատրաստ են քննարկել իրանական միջուկային ծրագրի սահմանափակումները։

Նախագահի խոսքով՝ Իրանը նախորդ բանակցությունների ընթացքում արդեն համապատասխան փոխըմբռնման էր հասել ԱՄՆ-ի հետ, սակայն, ինչպես պնդում է Փեզեշքիանը, ձեռք բերված պայմանավորվածությունները հետագայում խախտվել են ամերիկյան կողմից։

«Նախորդ բանակցությունների ընթացքում մենք արդեն փոխըմբռնման էինք հասել այս հարցում», — նշել է նա։

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի և միջազգային համաձայնագրերի շրջանակում պատրաստ է քննարկել համապատասխան սահմանափակումները։

«Մենք չպետք է միջուկային զենք մշակենք։ ՄԶՉՀ-ի (Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի) և առկա մյուս մեխանիզմների շրջանակում այս բոլոր հարցերը կարող են համաձայնեցվել», — հայտարարել է նախագահը։

Նա նաև պատրաստակամություն է հայտնել, որ Թեհրանը թույլատրի միջազգային տեսչական ստուգումներ անցկացնել միջուկային օբյեկտներում։ Փեզեշքիանի խոսքով՝ նման ստուգումների պայմանները կարող են բանակցությունների առարկա դառնալ։

Այդուհանդերձ, Իրանի նախագահը նոր բանակցությունների հնարավորությունը կապել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև վստահության վերականգնման հետ։

«Առաջին բանը, որ պետք է տեղի ունենա, այս պատերազմով ստեղծված անվստահության հաղթահարումն է։ Մենք պետք է հարգենք այն, ինչ գրել ենք թղթի վրա», — ասել է նա։

Պատասխանելով Դոնալդ Թրամփի հետ հնարավոր առանձնազրույցի մասին հարցին՝ Փեզեշքիանը նշել է, որ նախ անհրաժեշտ է հասկանալ, թե հատկապես ինչի շուրջ են կողմերը պատրաստ համաձայնության գալ, և կկարողանա՞ն արդյոք պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Եթե մենք չենք պահպանում այն, ինչ գրել ենք որպես անհրաժեշտություն, արդյո՞ք իսկապես կարող ենք սա լուծել երկխոսության միջոցով։ Ուրեմն, մենք դա գրել ենք թղթի վրա և ստորագրել։ Ամեն ինչ պարզ է», — ասել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է ապացուցի, որ իրանական կառավարությունը տապալելու մտադրություն չունի։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածից հետո երկրների միջև խոր անվստահություն է ձևավորվել, որը հնարավոր չէ վերացնել բանակցությունների ընդամենը մեկ փուլով։