Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ուրբաթ օրը հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) «կոնկրետ տեղեկություններ» ունի հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում իր կուսակցության թեկնածուի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, մյուս թեկնածուները նույնպես զգուշացնում են իրենց դեմ ուղղված դավադրությունների մասին:

«ԿՀՎ-ն իրական և կոնկրետ տվյալներ ունի թեկնածու Իվան Սեպեդայի դեմ նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ։ Սպառնալիքները տարածվում են ողջ Կոլումբիայով մեկ, սակայն իրական պլանների մասին տեղեկատվությունը պետք է նախապես չեզոքացվի։ Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին՝ ազատ ընտրություններին աջակցելու համար։ Մի՛ մոռացեք, որ (ամերիկացի պահպանողական ակտիվիստ) Չարլի Քըրքի սպանությունը (2025 թ.) և հենց Թրամփի դեմ իրականացված մահափորձը տեղի են ունեցել նույն կողմից»,- X սոցիալական ցանցում գրել է Պետրոն։

Սեպեդան իշխող «Պատմական ուխտ» կոալիցիայի թեկնածուն է և հավակնում է փոխարինել միայն մեկ ժամկետ պաշտոնավարող Պետրոյին։ Նա լրագրողներին ասել է, որ մանրամասն զեկույց կպահանջի իշխանություններից։

«Ես չեմ սկսել սկանդալ բորբոքել կամ ձայնս բարձրացնել, քանի որ չեմ ցանկանում հասարակության մեջ վախ կամ խուճապ սերմանել։ Ես ոչ մի պարագայում չեմ հրաժարվի իմ քաղաքական գործունեությունից։ Նախընտրական պայքարից դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- հայտարարել է Սեպեդան։