Սամվել Կարապետյանը («Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ռուսաստանյան «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ - խմբ.) չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ Հայաստանի վարչապետի թեկնածու։ Այս մասին ապրիլի 18-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Չգիտեմ՝ ինչ շանսերի մասին է խոսում։ Սամվել Կարապետյանը 100% չի կարող լինել և՛ պատգամավոր, և՛ վարչապետի թեկնածու: Ժողովուրդն է  որոշում, թե ով քանի տոկոս վստահություն ունի, ով քանի տոկոս շանս ունի: Ժողովուրդը հունիսի 7-ին կորոշի: Ժողովուրդը հունիսի 7-ին պատերազմի եռագլուխ կուսակցությանը պետք է տա զրո ձայն», - ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ նախօրեին դատական նիստից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք լիակատար հաղթանակ են տանելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100%», - հայտարարել է նա։