Իշխանությունն ասում է, այ որ դուք խոսեք իրավունքի մասին, Ադրբեջանն՝ այ-այ-այ։ Այս մասին ապրիլի 18-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։

«Իրենք արդեն քանի տարի է Արցախ բառը չեն ասում, ինքնորոշման իրավունք չեն ասում, արցախահայերի վերադարձ չեն ասում։ Ի՞նչ է դրանից փոխվում» - ասել է Մամիջանյանը։

Նա նշել է, որ իշխանությունների ընտրած ուղին անօգուտ է, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր հռետորաբանությունը և Հայաստանի հասցեին ուղղված զավեշտալի հայտարարությունները։

«Ոչ ոք չի ասում, որ այդ հարցերը պետք է ագրեսիվ հռետորաբանության մասին լինի, բայց ոչ մեկ իրավունք չի տվել Փաշինյանին հրաժարվել այդ իրավունքից», - ասել է Մամիջանյանը։

Նա ընդգծել է, որ հենց գործող իշխանությունների կառավարման օրոք է Արցախը փաստացի զավթվել և հայաթափվել։