ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշն իջել է նոր նվազագույնի, քանի որ ամերիկացիներն աճող մտահոգություն են հայտնում ծախսերի ավելացման և Իրանի հետ պատերազմի վերաբերյալ։ Այս մասին են վկայում SurveyMonkey ընկերության անցկացրած NBC News Decision Desk-ի հարցման արդյունքները։
Ընդհանուր առմամբ, հարցված չափահասների 37%-ն է հավանություն տալիս Թրամփի գործունեությանը նախագահի պաշտոնում, մինչդեռ 63%-ը չիպաշտպանում։ Եվս 50%-ը հայտարարել է, որ խիստ դեմ է նրա աշխատանքին, ինչը, ըստ NBC News Decision Desk-ի, նրա գործունեության վարկանիշը հասցրել է երկրորդ նախագահության ընթացքում ամենացածր կետին։
Հարցվածների երկու երրորդը նույնպես դեմ է արտահայտվել ինֆլյացիայի և Իրանի հակամարտության դեմ պայքարում Թրամփի գործողություններին։
Թեև ԱՄՆ նախագահը դեռևս վայելում է իր հիմնական ընտրազանգվածի ճնշող աջակցությունը, հանրապետականների շրջանում այդ ցուցանիշը նվազել է հունվարի վերջին և փետրվարի սկզբին անցկացված վերջին հարցման համեմատ։ Նոր հարցման ընթացքում հանրապետականների 83%-ն է դրական գնահատել Թրամփին, ինչը 4 տոկոսային կետով ցածր է այս տարվա սկզբի ցուցանիշից։ Իսկ այն հանրապետականների մասնաբաժինը, որոնք լիովին հավանում են Թրամփի աշխատանքը, նվազել է 6 կետով՝ 58%-ից հասնելով 52%-ի։
Ընդհանուր առմամբ, ամերիկացիների մեկ երրորդն է կարծում, որ երկիրը ճիշտ ուղու վրա է, մինչդեռ երկու երրորդը գտնում է, որ այն սխալ ճանապարհով է գնում։ Սա ամենահոռետեսական կանխատեսումն է անցյալ տարի Թրամփի վերընտրվելուց ի վեր։
Տնտեսությունը դեռևս մնում է ամերիկացիների գլխավոր մտահոգությունը. հարցվածների 29%-ը նշել է, որ դա իրենց համար ներկայումս ամենակարևոր խնդիրն է, 24%-ը մտահոգված է ժողովրդավարությանը սպառնացող վտանգներով, 12%-ը՝ առողջապահությամբ, իսկ 10%-ը՝ հանցավորությամբ ու անվտանգությամբ։ Հարցին, թե որ տնտեսական խնդիրն է այս պահին իրենց համար ամենաէականը, ինֆլյացիան և կյանքի թանկացումը բացարձակ հաղթանակ են տարել. այս տարբերակն ընտրել է 45%-ը, ինչը նկատելիորեն բարձր է ցանկացած այլ տարբերակից։
Ամերիկացիների միայն 32%-ն է հայտարարել, որ հավանում է ինֆլյացիայի և կյանքի թանկացման դեմ պայքարում Թրամփի գործողությունները, մինչդեռ 68%-ը դեմ է դրանց։ Ամերիկացիների մեծամասնությունը (52%) նշել է, որ կտրականապես դեմ է այս հարցում Թրամփի որոշումներին։
Կտրականապես դեմ արտահայտվող ամերիկացիների մասնաբաժինն անցյալ ամառվա համեմատ աճել է 7 կետով։ Իսկ այն հանրապետականների թիվը, որոնք հավանություն են տվել ինֆլյացիայի դեմ պայքարում Թրամփի գործողություններին, կազմել է 73%, ինչը 10 կետով ցածր է նախորդ հարցման ցուցանիշից։ Ավելի շատ ամերիկացիներ են նշել, որ իրենց անձնական ֆինանսական վիճակն այսօր ավելի վատ է, քան մեկ տարի առաջ (40%), և ավելի քիչ մարդիկ են ասել, որ իրենց տնտեսական վիճակը բարելավվել է (19%), քան Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում անցկացված որևէ նախորդ հարցման ժամանակ։
Թրամփի կողմից Իրանի դեմ պատերազմը վարելու վերաբերյալ ամերիկացիների հայացքները էականորեն չեն փոխվել ապրիլի 7-ին հրադադարի մասին հայտարարությունից հետո. ամերիկացիների մոտ մեկ երրորդն է հավանություն տվել պատերազմին այդ հայտարարությանը հաջորդած օրերին։
Գրեթե բոլոր դեմոկրատները և անկախ հարցվածների 82%-ը հավանություն չեն տվել պատերազմին, մինչդեռ հանրապետականների 74%-ը հավանություն է տվել։ Սակայն այն հանրապետականների մասնաբաժինը, որոնք հավանություն չեն տվել պատերազմում Թրամփի գործողություններին (26%), ավելի բարձր է եղել, քան ընդհանուր առմամբ Թրամփի աշխատանքին դեմ արտահայտվող հանրապետականների թիվը (17%)։