Պաղեստինում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն X սոցիալական ցանցում վերահրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է իսրայելցի զինվորը ֆիզիկական բռնություն կիրառում պաղեստինցի տղայի նկատմամբ։
«Ես տեսել եմ բավականաչափ, որպեսզի բացարձակ վստահությամբ ասեմ՝ իսրայելական բանակն ամենաայլասերված բանակն է», - հրապարակված դրվագը մեկնաբանել է Ալբանեզեն։
Օրերս՝ ապրիլի 14-ին, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը բրիտանական The Guardian-ին տված հարցազրույցում պատմել է մահվան սպառնալիքների և այն վտանգների մասին, որոնց բախվել է իր ամբողջ ընտանիքը այն բանից հետո, երբ նա Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Ալբանեզեն պատմել է, որ Գերմանիայում իրեն ձերբակալություն է սպառնում «բառերի ընտրության պատճառով», իսկ ԱՄՆ վարչակազմը նրան «հատուկ կարգավիճակ ունեցող անձ» (person with special status) է անվանել. եզրույթ, որը սովորաբար գործածվում է ահաբեկիչների, նարկոդիլերների, երբեմն նաև մարդասպան բռնապետերին նկարագրելու համար։
Նա այս կոչմանն «արժանացած» ՄԱԿ-ի առաջին աշխատակիցն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանը, որը պատժամիջոցներ է սահմանում Ալբանեզեի դեմ, արգելում է ցանկացած ամերիկյան ֆիզիկական կամ իրավաբանական անձի նրան «դրամական միջոցներ, ապրանքներ կամ ծառայություններ» տրամադրել: Այդ նկարագրությունն այնքան լայն է, որ այն համեմատում են «քաղաքացիական մահվան» հետ։ Վաշինգտոնում գտնվող նրա բնակարանը, որը գնվել էր այն ժամանակ, երբ նա և իր ընտանիքն ապրում էին ԱՄՆ մայրաքաղաքում, կալանքի տակ է։ Նա այլևս չի կարող օգտվել վարկային քարտից աշխարհի ոչ մի կետում, քանի որ նմանատիպ գրեթե բոլոր գործարքները մշակում են ամերիկյան ծառայությունները։
«Ես շրջում եմ կանխիկով կամ ստիպված եմ լինում պարտք վերցնել ընկերներիցս կամ ընտանիքիս անդամներից»,- պատմել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։
Նա մեղադրում է Ժնևում բնակվող պրոիսրայելական ակտիվիստներին իր ամուսնուն՝ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Մասսիմիլիանո Կալիին հալածելու մեջ մի արշավի ընթացքում, որի արդյունքում նա հեռացվեց սիրիական գործով զբաղեցրած իր ղեկավար պաշտոնից։
Կալին և ամուսինների 13-ամյա դուստրը, որն ԱՄՆ քաղաքացի է, Վաշինգտոնի դաշնային շրջանային դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Թրամփի և վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սահմանադրության առաջին, չորրորդ և հինգերորդ լրացումներով իրենց իրավունքները ոտնահարելու և առանց պատշաճ իրավական ընթացակարգի գույքի վրա կալանք դնելու համար։





























