Աֆղանստանում արդեն երրորդ օրն է շարունակվում են ամերիկյան ռազմական կայաններում Ղուրանի մի քանի օրինակներն այրելու դեմ ուղղված բողոքի ցույցերը:

Փետրվարի 23-ի առավոտյան ավելի քան 600 մարդ Լագման նահանգում ցույցի է դուրս եկել: Ջալալաբադ քաղաքում բողոքի ցույցի են դուրս եկել շուրջ 300 ուսանողներ: Նրանք կրկնել են  «Մահ Ամերիկային» կարգախոսը, հաղորդում է «Ալ Ջազիրան»:

Վերջին տվյալներով` զանգվածային ակցիաների հետեւանքով վերջին երկու օրերին Աֆղանստանում արդեն 8 մարդ զոհվել է, 20-ից ավելին վիրավորվել են:

Միաժամանակ,  «Թալիբան» շարժումը Աֆղանստանի բնակիչներին կոչ է արել սպանել արեւմտյան քաղաքացիներին:

Ծայրահեղականների առաջնորդ Զաբիուլա  Մուջահիդը տեղական լրատվամիջոցներին նամակ է ուղարկել, որով կոչ է անում գրոհել ռազմական կայանները:

«Արեւմուտքի բնակիչներին հարկավոր է սպանել կամ գերի վերցնել: Դա պետք է դաս դառնա, որպեսզի նրանք այլեւս երբեք չմտածեն սուրբ գիրքն անարգելու մասին», - ուղերձը մեջբերում է Reuters-ը:

Հիշեցնենք, Փարվան նահանգի Բաղրամի ռազմակայանում, որտեղ ամերիկյան հատուկ վտանգավոր հանցագործների բանտն է, մի քանի Ղուրան են այրել:  Աֆղանցի բանվորներին, որոնք փորձել են կանխել այդ արարքը, ամերիկացիները ցրել են, երկու աֆղանցի սպանվել են:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան եւ Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) հրամանատար գեներալ Ջոն Ալենը ներողություն են խնդրել աֆղանցիներից Բաղրամի ռազմակայանում Ղուրաններ այրելու համար:

Պանետան Ալենին հանձնարարել է հետաքննել միջադեպը եւ պատժել մեղավորներին: