Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներին՝ Իրանին հաջողվել է պահպանել իր ռազմական հզորության զգալի մասը։ CBS News-ը, հղում անելով ամերիկյան հետախուզությանը, նշում է, որ ապրիլի 8-ի դրությամբ՝ հրադադարի հաստատման պահին, Թեհրանը կարողացել է պահպանել իր տրամադրության տակ եղած բալիստիկ հրթիռների և արձակման կայանքների պաշարների մոտ կեսը։

Բացի այդ, աղբյուրները նշում են, որ չնայած ռազմածովային ուժերի կրած ծանր կորուստներին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներուժի շուրջ 60%-ը մնացել է անվնաս։ Սա վերաբերում է նաև Հորմուզի նեղուցում իրականացվող գործողությունների ժամանակ կիրառված արագընթաց մոտորանավակներին։

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի ռազմաօդային ուժերը նույնպես զերծ են մնացել լիակատար ջախջախումից. ավիացիայի շուրջ երկու երրորդը դեռևս պատրաստ է մարտական խնդիրների կատարմանը։

Այս իրողությունը հակադրվում է նախագահ Դոնալդ Թրամփի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի այն պնդումներին, թե Իրանի ռազմական կարողությունները շատ ավելի հիմնավոր ու լայնածավալ կորուստներ են կրել։