ՀՀԿ-ն փորձելու է խորհրդարանական ընտրություններից արդյունքում մեծամասնություն կազմել խորհրդարանում: Այս մասին, այսօր` փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը (ֆոտոռեպորտաժ):

Ինչ վերաբերում է նրան, թե ով կլինի Հայաստանի վարչապետը խորհրդարանական ընտրություններից հետո, նա պատասխանեց, որ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուները շատ են, բայց նրա անունը կասեն ընտրություններից հետո:

Հարցին, թե եթե իրեն առաջարկվի վարչապետի պաշտոնը, կհամաձայնի՞, թե` ոչ, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Երբ  ինձ առաջարկվի, երկու հարց կուղղեմ: Նախ ի՞նչ խնդիրներ է դրվում իմ վրա եւ ինչ  գործիքներով պետք է խնդիրները լուծենք»:

Գալուստ Սահակյանի խոսքով, այս պահին իրենք քննարկում են, թե որտեղ ում թեկնածությունն առաջադրեն, որ ընտրությունները արդյունավետ անցնեն:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե որտեղ է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչին Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե ուրախ է, որ նրա հանդեպ կարոտ կա: Նա տեղակացրեց, որ Հովիկ Աբրահամյանն առավոտից երեկո ՀՀԿ գրասենյակում է:

Դիտարկմանը, թե, ըստ լուրերի, ՀՀԿ-ն երկու թեւի է բաժանվել. մեկը Հովիկ Աբրահմյանի թեւն է, որին հարում է նաեւ ինքը, իսկ մյուս թեւում ավելի հնաբնակներն են, կատակով ասաց, որ եթե մի թեւ էլ իրեն տային, լրիվ կհամալրվեր: Իսկ ավելի լուրջ, նա նշեց, որ ինքը ոչ ՀՀԿ-ի թեւում է, ոչ` մեջքում, այլ զբաղվում է կուսակցության աշխատանքները համակարգելով եւ կոնֆլիկտները հանդարտեցնելով:

Հարցին, թե ընտրությունների նախաշեմին սոցիոլոգիական հարցումներ պատվիրելո՞ւ են, եւ եթե այո, ապա որ սոցիոլոգի մոտ, Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ ՀՀԿ-ի փոխարեն արդեն այնքան են սոցհարցում պատվիրել, որ պատվիրելու խնդիր չունեն: Նրա ներկայացմամբ, իրենք ՀՀ տարածքում ունեն բազմաթիվ գրասենյակներ, հետեւաբար տիրապետում են իրավիճակին ու մեծ հաշվով դրա կարիքը չունեն:

Ինչ վերաբերում է նոր կոալիցիա կազմելուն, նա նշեց, որ եթե կլինեն ուժեր որոնք խոստումներ են տվել ժողովրդին եւ ստացել նրանց քվեն, ապա իրենք պատրաստակամ են կոալիցա կազմել այդ խնդիրների լուծմանը հասնելու համար:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի