Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մասնագետները մշտապես աշխատում են ոլորտում ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։ Այս մասին Կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Ոլորտի մասնագետներն առավելագույնն են անում Հայաստանում ավիացիայի որակը բարձրացնելու ուղղությամբ։ Այս առումով բավականին առաջընթաց ունենք, դրա մասին խոսում են նաև թվերը», - ասել է նախարարը։ Պաշտոնյայի խոսքով՝ 2025 թվականին Հայաստանից չվերթեր են իրականացվել շուրջ 70 ուղղություններով՝ 48 ավիաընկերությունների կողմից։ Միաժամանակ, ուղևորահոսքն աճել է՝ հասնելով մոտ 5,7 միլիոն մարդու»։
Նա նաև նշել է նոր ուղղությունների ի հայտ գալու միտումը։ «Նախորդ տարի շուրջ 10 նոր ուղղություններով թռիչքներ ենք սկսել իրականացնել, և այս տարի ևս պայմանավորվածություններ ունենք ինչպես եվրոպական, այնպես էլ այլ երկրների ուղղություններով», - տեղեկացրել է Խուդաթյանը։ Նա նաև նշել է, որ շուտով կգործարկվի երկար սպասված Երևան – Լոնդոն –Երևան չվերթը:
Նախարարը նաև հայտարարեց դեպի Ղազախստան ուղիղ չվերթների գործարկման հարցում գրանցված առաջընթացի մասին։ «Ղազախստանի գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում էինք դեպի Ղազախստան ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ։ Արդեն մեկից ավելի ավիաընկերություններ հայտարարել են այդ մասին․ կան հստակ ամսաթվեր և տոմսերի վաճառք», - ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ղեկավարը։
Բացի այդ, նախատեսվում է նոր չվերթներ մեկնարկել մի շարք եվրոպական ուղղություններով։ Մասնավորապես, կգործարկվի նոր չվերթ դեպի Բրյուսել, որը կլինի տվյալ ավիաընկերության արդեն երկրորդ կամ երրորդ չվերթը դեպի այդ քաղաք։ Նոր չվերթներ կբացվեն նաև դեպի Նիդերլանդներ։




























