Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր` փետրվարի 23-ին, հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Լիբերալ խմբակցության անդամ Քրիստիան Սիլվիո Բյուսոյի եւ Եվրոխորհրդարանի Լիբերալ դեմոկրատների ալյանսի քաղաքական հարցերով խորհրդական Անտոնիոս Նեստորասի հետ:
ՀՀՇ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են այս տարվա մայիսի 11-ին Երեւանում կայանալիք Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության` ELDR խորհրդի տարեկան նիստին առնչվող հարցեր: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ ՀՀ ներքաղաքական զարգացումները, այդ թվում` Հրազդանում փետրվարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրությունները: Այս համատեքստում Արամ Մանուկյանը Եվրոպացի հյուրերին տեղեկացրել է ընտրությունների ժամանակ կատարված համատարած ընտրակեղծիքների մասին:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, Արամ Մանուկյանը նշել է, որ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի վրա: «Սակայն այս խնդիրները կարող են լուծվել միայն Հայաստանում ժողովրդավար, օրինակարգ իշխանություն ձեւավորվելու դեպքում: Միայն օրինակարգ իշխանությունն է ի վիճակի լուծելու նման հարցեր»,- նշել է ՀՀՇ վարչության նախագահը:
Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել նաեւ Հայաստանում սպասվելիք առաջիկա ընտրություններին: ՀՀՇ վարչության նախագահը Եվրախորդարանի պատվիրակության անդամներին հորդորել է շատ դիտորդներ ուղարկել Հայաստան` ընտրությունների ընթացքն առավելագույնս վերահսկելու համար:
Հանդիպման ժամանակ նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների ալյանսի հետ տեղեկություններ փոխանակելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը, ՀՀՇ վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանը եւ ՀՀՇ ԵՄ անդամ Սամվել Թեյմուրազյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























