Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Մոսկվայի «Դինամո» վերադառնալուց հետո Sportbox.ru-ի հետ հարցազրույցում խոստացել է պայքարել Ռուսաստանի առաջնության մեդալների համար:

«Շատ ուրախ եմ, որ դարձյալ ինձ հրավիրեցին այսպիսի մեծ ակումբ: «Դինամոյում» անցկացրած ամեն օրը տոն է ինձ համար: Այժմ թիմում հավաքվել են բարձր կարգի վարպետներ: Ի տարբերություն 2004թ. «Դինամոյի», որտեղ նույնպես շատ աստղեր կային,  այժմ մարզչական շտաբը կարողացել է բոլորին միավորել ընդհանուր գաղափարի շուրջ. ստեղծել մեծատառով թիմ, ինչը ցույց տվեց անցած մրցաշրջանը», - ասել է Բերեզովսկին:

Հայաստանի հավաքականի դարպասապահը նաեւ հույս է հայտնել, որ «Դինամոն» կնվաճի Ռուսաստանի առաջնության մեդալներ եւ տեղ կունենա Չեմպիոնների լիգայում:

«Կարծում եմ թիմում անհրաժեշտ ամեն ինչ կա մեդալ կամ տիտղոս նվաճելու համար: Միայն հաջողություն է պետք: Մենք ի վիճակի ենք պայքարել նաեւ Չեմպիոնների լիգայում տեղ ունենալու համար», - ասել է Բերեզովսկին:

37-ամյա դարպասապահը նաեւ պատմել է, թե որ դարպասապահներն են ներշնչանքի աղբյուր եղել իր համար: «Կարելի է նշել Վան դեր Սարի եւ Ջանլուիջի Բուֆոնի խաղը: Այժմ գերազանց խաղ է ցուցադրում Իկեր Կասիլյասը: Նրանք հարգանքի արժանի մեծ վարպետներ են: Ֆուտբոլն առաջվա նման ինձ ուրախացնում է: Քանի դեռ դուր է գալիս՝ չեմ հեռանա», - նշել է Բերեզովսկին:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որը 2009-ին, երբ «Խիմկին» դուրս մնաց ռուսական Պրեմյեր լիգայից, համոզել է Բերեզովսկուն չհեռանալ ֆուտբոլից:

«Այն ժամանակ քիչ դրական բան կար, հավաքականի արդյունքները լավատեսություն չէին հաղորդում: Այժմ ամեն ինչ փոխվել է, Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում ազգային հավաքականի խաղը ոգեշնչել է եւ երկրպագուներին, եւ ֆուտբոլիստներին»:

Հարցազրույցի վերջում Բերեզովսկին հաջողություն է մաղթել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականներին Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում: