Ռուսաստանի ԱԴԾ-ի քննիչները եւ քրեագետները կաջակցեն Աբխազիայի իրավապահներին նախագահ Ալեքսանդր Անկվաբի նկատմամբ կատարված մահափորձի հետաքննության գործում: Նրանք արդեն ժամանել են հանրապետություն, «ՌԻԱ Նովոստիին» են հայտնել Աբխազիայի նախագահի աշխատակազմում:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ի առավոտյան անհայտ անձինք կրակել են նախագահի շարասյան վրա «Գուդուաուտա -Սուխումի» ավտոմայրուղու վրա: Զոհվել են երկու թիկնապահներ, եւս մեկը ծանր վիճակում հիվանդանոցում է գտնվում:  Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով:

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Անկվաբի հետ հեռախոսազրույցում առաջարկել է օգնել հանցագործությունը բացահայտելիս: Ստեղծվել է միջգերատեսչական հետաքննչական օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկված են Գլխավոր դատախազության, Պետանվտանգության եւ ՆԳՆ-ի  աշխատակիցներ:

Ինչպես քննիչներին հղում անելով հաղորդել է աբխազական հեռուստատեսությունը, հանցանքի վայրում գտնված իրեղեն ապացույցները վկայում են հանցագործության հանգամանալից նախապատրաստման մասին: Հետաքննության նախնական տվյալներով` հանցագործները մի քանիսն են եղել: Հայտնաբերվել են հետքեր եւ մատնահետքեր: