«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող 312 պատմաճարտարապետական հուշարձանները կվերականգնվեն ու կբարեկարգվեն: ՀՀ կառավարությունն այսօր` փետրվարի 23-ին հաստատեց այդ հուշարձանների վերականգնման ժամանակացույցը:

Ըստ ժամանակացույցի` դրանց վերականգնումը, ամրակայումը եւ բարեկարգումը կսկսի 2015 թ.: Մինչ այդ կիրականացվեն ուսումնասիրություններ, նախագծահաշվարկային աշխատանքներ: 

Նշենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հաշվառված է ընդհանուր թվով 312 հուշարձան, որից 29-ը՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, 19-ը` բնակատեղի, 2-ը` ամրոց, 222-ը՝ խաչքարեր եւ տապանաքարեր, 40-ը` այլ բնույթի հիմնականում միջնադարյան հուշարձաններ, որոնք մեծամասամբ կիսավեր, անբարեկարգ վիճակում են; Կառավարության դեռեւս 2011 թ. հունիսին ընդունված որոշմամբ` առաջնահերթ է համարվելու երեք խոշոր հուշարձանային համալիրների վերականգնման, պահպանության եւ առանձին երթուղիներով ներկայացման հարցը: Դրանք են`  «Հավուց Թառ» (11-18-րդ դդ.), Աղջոց Սբ Ստեփանոս (12-13-րդ դդ.) վանական համալիրները եւ Գեղմահովիտի եկեղեցին (13-րդ դար):