Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, այսօր` փետրվարի 23-ին, հյուրընկալել է խորհրդարանում իրենց ուսումնական պրակտիկան անցկացնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող մի խումբ ուսանողների:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով երիտասարդներին հանրապետության օրենսդիր մարմնում` ԱԺ նախագահի տեղակալը նկատել է, որ ակնկալում է սուր եւ բաց հարցեր, կառուցողական քննարկում:

Կարեւորելով երիտասարդության դերը կյանքի բոլոր բնագավառներում` պարոն Շարմազանովը նրանց կոչ է արել իրենց գործունեության մեջ լինել առավելագույնս պատասխանատու եւ հիշել, որ երիտասարդությունը բոլոր ժամանակներում եղել եւ մնում է հասարակության շարժիչ ուժը, ներկան եւ ապագան:

Զրույցն ընթացավ ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում. ուսանողներին հետաքրքրում էին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին, վերջերս խորհրդարանում քննարկված մեծամասնական-համամասնական ընտրակարգերին, հասարակությանը հուզող գնաճին եւ դրա մեղմացմանն ուղղված քայլերին, տարվող հարկային վարչարարությանը եւ ոլորտի օրենսդրական նախաձեռնություններին, արտագաղթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եւ այլ հարցերի:

Պարոն Շարմազանովը մանրամասն անդրադարձել է հնչեցված հարցադրումներին, ներկայացրեց իր կարծիքն ու տեսակետները: