«Ապագան արդեն եկել է»։ Չինաստանի Հանչժոու քաղաքում գտնվող Մարմնավորված արհեստական բանականության ցուցադրական կենտրոնում ռոբոտները ճաշ են պատրաստում, բերքահավաք անում, սեղանի խաղեր խաղում, բռնցքամարտով զբաղվում, մաքրություն անում ու առաքումներ իրականացնում։ Բացի այդ... նրանք նաև պարում են։ Իսկ բռնցքամարտում հաղթած ռոբոտը, նոկաուտի ենթարկելով մրցակցին, վեր է թռչում ու իսկական մարզիկի պես ուրախությունից ճչում։

Մենք արդեն սովորել ենք, որ խելացի մեքենաները կարող են տուն մաքրել, լվացք անել, պահեստում ապրանքներ դասավորել կամ բեռներ ու ծանրոցներ փոխադրել, բայց բռնցքամարտն ու պարը բոլորովին այլ մակարդակ են։ Նման հնարքների համար մեքենաները պետք է լինեն չափազանց ճկուն։ Այսինքն՝ դրանք պետք է բաղկացած լինեն բազմաթիվ մանր դետալներից, որոնք կաշխատեն այնքան ներդաշնակ, որ ապահովեն շարժումների ճշգրտությունն ու սահունությունը։ Եվ ամենակարևորը՝ նրանք պետք է ունենան իրական «ուղեղ»։

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) չինական կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված մեդիատուրի մասնակիցներին նախ ցուցադրում են մի տեսահոլովակ, որտեղ պատկերված են մի երիտասարդ աղջիկ ու տղա։ Լրագրողներին առաջարկում են գուշակել՝ նրանցից ո՞վ է ռոբոտը։ Տեսահոլովակի հերոսները խոսում են այն մասին, որ մարդիկ ու ռոբոտները կարող են հանգիստ կողք կողքի ապրել...

Շուրջ 8800 քառակուսի մետր տարածք զբաղեցնող այս կենտրոնում ապագան իսկապես արդեն ներկա է, և այն կարելի է «վայելել» բառի բոլոր իմաստներով։ Օրինակ՝ կարող եք սուրճ խմել ռոբոտ-բարիստայի մատուցմամբ կամ «Գո» խաղալ մեկ այլ ռոբոտի հետ, որը խաղից հետո նաև կհավաքի քարերը։ Ռոբոտի հետ խաղալը մի փոքր վտանգավոր է․ բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես «Գո»-ի աշխարհի ուժեղագույն խաղացողը պարտվեց արհեստական բանականությանը։

Որպեսզի ռոբոտներն այս ամենն անել իմանան, միայն արհեստական բանականությունն ու լավ կառուցվածքը բավարար չեն. նրանց նաև պետք է կրթել։ Եթե տեսնեք կենտրոնի աշխատակիցներից մեկին, որը ձեռքերով տարօրինակ շարժումներ է անում, չկարծեք, թե խաղ է անում. նա ընդամենը մարզում է ռոբոտ-խոհարարին՝ սովորեցնելով ճիշտ վարվել տարբեր մթերքների հետ։ Ասում են՝ նման ուսուցումը տևական ժամանակ է պահանջում, բայց փոխարենը հետագայում նույնքան ժամանակ կխնայվի տնային տնտեսուհիների համար։

Արհեստական բանականությունը բժշկության մեջ նույնպես չափազանց պահանջված է։ Այստեղ կարելի է տեսնել ամեն ինչ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ սարքերից մինչև խնամակալներ, բուժքույրեր և նույնիսկ մերսողներ։ Ձեզնից պահանջվում է ընդամենը մի փոքր «պատմել» նրան, թե որտեղ է ցավում։

Վերջում հյուրերին հրավիրում են մի փոքր դահլիճ, որտեղ բեմում ելույթ է ունենում ռոբոտների պարային խումբը։ Շարժումների սահունությունն ուղղակի ապշեցնում է. չկա ոչ մի կտրուկ կամ ընդհատվող շարժում, որոնցով սովորաբար պատկերում էին ռոբոտներին դեռ մի քանի տասնամյակ առաջ։

Հանչժոուի այս կենտրոնում հավաքված են չինական տարբեր ընկերությունների կողմից ստեղծված ավելի քան 120 տեսակի ռոբոտներ և ներկայացված են մասնագիտական վերապատրաստման շուրջ 30 սցենարներ։ Կենտրոնը միավորում է գիտակրթական գործունեությունը, տեխնոլոգիաների փորձարկումն ու ցուցադրությունը՝ դառնալով ոլորտի զարգացման կարևորագույն հարթակը։ Այն լավագույնս ներկայացնում է Հանչժոուի նորարարական ներուժն ու ձեռքբերումները մարմնավորված արհեստական բանականության բնագավառում։

image (1).jpg (80 KB)

image (3).jpg (86 KB)

image (4).jpg (82 KB)

image (5).jpg (84 KB)

image (6).jpg (103 KB)

image (8).jpg (148 KB)

image (9).jpg (116 KB)

image (10).jpg (99 KB)

image (11).jpg (125 KB)

23.jpg (101 KB)