Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 24-ին շարունակվել է «Փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» հայցի քննությունը:

Արթուր Գրիգորյանը 18 միլիոն դրամ է պահանջում օրաթերթից` «Հրապարակի» կայքում իրեն վերաբերվող մի հոդվածի տակ այլ, անհայտ անձանց արած մեկնաբանությունների համար: Խոսքը 2011թ. օգոստոսի 10-ին հրապարակված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերտառությամբ հոդվածի մասին է, որի տակ պատահական անձինք մեկնաբանություններ էին թողել Արթուր Գրիգորյանի հասցեին: Ընդ որում, Արթուր Գրիգորյանը հոդվածի դեմ հայց չի ներկայացրել, այլ միայն այլոց մեկնաբանությունների` դրանք վիրավորանք եւ զրպարտություն որակելով: 

Այսօրվա նիստում Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեջբերեց այդ 6 «քոմենթները»` դատավոր Գագիկ Խանդանյանից խնդրելով թերթից բռնագանձել 18 միլիոն դրամ, 3-ական միլիոն ամեն մեկնաբանության համար: Աթանեսյանը նույնիսկ «փոխզիջում» առաջարկեց, որ «Հրապարակը» 6 տարի շարունակ ամեն ամիս 250 հազար դրամ վճարի փաստաբանին: Ըստ Աթանեսյանի, Արթուր Գրիգորյանը բարեխիղճ եւ ազնիվ փաստաբան է, ով բարեխղճորեն կատարել է իր աշխատանքը, իսկ նրա որոշ պաշտպանյալներ հանիրավի մեղադրում են նրան: Ուշագրավ էր Աթանեսյանի հատկապես մի արտահայտությունը. «Փաստաբանը հոգեթերապեւտ չէ եւ պարտավոր չէ լսել իր հաճախորդների զառանցանքները»:

«Հրապարակ» թերթի ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանը իր խոսքում նկատեց, որ թերթը կարող է պատասխանատվություն կրել տպագիր կամ էլեկտրոնային տարբերակներում հրապարակված հոդվածների, այլ ոչ այլ անձանց կողմից արված մեկնաբանությունների համար:

«Աշխարհը զարգացել է, ինտերնետը մտել է ամեն մարդու տուն, եւ դրա դեմ պայքարելն անիմաստ եւ ծիծաղելի է: Փաստաբանները, իրավաբան լինելով հանդերձ, փորձում են հեծանիվ հորինել եւ վերահսկել ինտերնետը»,- նկատեց «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը` պատկերավոր նկատելով, որ դա նույնն է, թե մարդիկ Մարկ Ցուկերբերգին դատի տան Facebook սոցիալական ցանցում արված հազարավոր վիրավորական արտահայտությունների համար: Արմինե Օհանյանը հայցը գնահատեց որպես մամուլի հետապնդման փորձ եւ դատավորին ներկայացրեց նույն այդ հոդվածի տակ Արթուր Գրիգորյանի թողած մեկնաբանությունը, որում փաստաբանն ասել էր, որ «Հրապարակը» փակելը դարձել է իր կյանքի գործը: «Վրդովված է եղել, նման մեկնաբանություն է թողել»,- արձագանքեց Տիգրան Աթանեսյանը:

Նշենք, որ այս հոդվածից հետո «Հրապարակ» թերթ էին այցելել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, քաղաքացիներ Վաչագան Հակոբյանն ու Ալմաստ Կարապետյանը, եւ պատմել Արթուր Գրիգորյանի հետ իրենց ունեցած փորձի մասին: Արթուր Գրիգորյանը դատարաններում հայց է ներկաայցրել այդ անձանց դեմ:

Լսելով կողմերին եւ հետազոտելով գործում առկա նյութերը` դատավոր Գագիկ Խանդանյանը նիստը հետաձգեց մինչեւ մարտի 7-ը, ժամը 14:50-ը, երբ հրապարակելու է գործով դատական ակտը: