Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սանմաքրման ձեռնարկություններին հանձնարարել է փողոցները մաքրել ձնամաքրման աշխատանքների ընթացքում օգտագործված ավազից, ինչպես նաեւ հնարավորին սեղմ ժամկետում կազմակերպել կենտրոնական եւ երկրորդական փողոցների փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները:
«Ճաքալցման աշխատանքները կամ ժամանակին թերի են կատարվել, կամ համապատասխան որակը չի ապահովվել: Ամեն դեպքում ճանապարհներին անհարմարություններն ակնհայտ են: Չնայած ներկայում տարվող աշխատանքները ժամանակավոր բնույթ են կրում, սակայն եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ ասֆալտապատման ծրագրերի շրջանակում կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետն ընդգծել է, որ ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում շահած այն կազմակերպությունները, որոնք չեն ապահովի անհրաժեշտ որակ, ասֆալտի վերականգնման աշխատանքները կիրականացնեն սեփական միջոցներով:
«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ գարնանային հեղեղումներից խուսափելու նպատակով կազմվել է անհրաժեշտ միջոցառումների ծրագիր եւ ժամանակացույց: Զեկուցվել է նաեւ, որ պատրաստ է ոռոգման ջրանցքների եւ ջրատարների մաքրման գարնանային աշխատանքների ծրագիր, որը կմեկնարկի մարտի 1-ից:




























