Եթե 2009 թվականի ընթացքում Հայաստանի դատարանների կողմից արդարացվել է ընդամենը 25 անձ, ապա 2011թ-ին լրիվ կամ մասնակի արդարացումներ գրանցվել են 77 անձի նկատմամբ: Այս մասին այսօր` փետրվարի 25-ին, Հայաստանի դատավորների ընդհանուր ժողովին ասել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Արման Մկրտումյանը` 2011 թվականը բնորոշելով բավականին ծանրաբեռնված, սակայն արդյունավետ տարի:  Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 2011թ. ընթացքում կտրուկ աճել է լրիվ կամ մասնակի արդարացումների քանակը:

Բացման խոսքի ավարտին Արման Մկրտումյանը փաստեց. «Ընդհանրապես, վերջին շրջանում դատական իշխանության վերաբերյալ դատախազների և փաստաբանների կողմից հնչեցրած դժգոհությունների մասնագիտական վերլուծությունը հանգեցնում է մի հետևության, որ մենք գտնվում ենք անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին»:

Արման Մկրտումյանի կարծիքով` դրական տեղաշարժեր են գրանցվել դատական համակարգի բոլոր ոլորտներում` վարչական, քաղաքացիական եւ հատկապես քրեական ոլորտում: Վճռաբեկ դատարանի նախագահն ընդհանուր ժողովին հանձնել է նաեւ դեռեւս 2009թ.-ից գործող «Տարվա լավագույն դատավոր» եւ «Տարվա լավագույն դատարան» անվանակարգերում մրցանակները:

2011թ. տարվա լավագույն դատավորներ են ճանաչվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը, քրեական գործեր քննող դատավորներից` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Քաղաքացիական գործեր քննող դատավորներից  «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգին արժանացան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը եւ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:

«Տարվա լավագույն դատարան» անվանակարգին արժանացան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մատնանշել է նաեւ հաշվետու տարում գրանցված մի շարք թերություններ, մասնավորապես, դատավորների կողմից դատական նիստերին ուշացումով ներկայանալու, դատական ակտերը կողմերին ուշացումներով հանձնելու, գործերի քննության ձգձգումները, եւ մի շարք այլ խնդիրների շուրջ հանձնարարվել լինել զգոն եւ խուսափել ցանկացած խախտումից: