«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն այսօր` փետրվարի 27-ին, Ազգային Ժողովում հյուրընկալել է տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների 20-ից ավելի ուսանողների: NEWS.am-ին «Ժառանգությունից» հայտնեցին, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ-ում քաղաքական ընդդիմության դերի, առաքելության եւ ներկայացուցչության կարեւորությունը: Խոսվել է նորանկախ Հայաստանի անցած քսանամյա ուղու, քաղաքական ու քաղաքացիական օրակարգերում առկա մարտահրավերների եւ դրանց հաղթահարման մասին: Հովհաննիսյանը պատասխանել է երիտասարդներին հուզող տարբեր հարցերի, որոնք առնչվում էին ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը, Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ԵԺԿ-ին «Ժառանգություն» կուսակցության անդամակցությանը:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում Հայաստանի ընտրական գործընթացների եւ ընտրական համակարգում ձեւավորված արատավոր երեւույթների, ինչպեսեւ քաղաքական ու քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտության մասին: Հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինեն, ինչը հնարավորություն կընձեռի էապես մեծացնել քաղաքական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության աստիճանը:





























