Հայաստանի ժողովրդական Կուսակցության (ՀԺԿ) երիտասարդական խորհուրդը հայտարարություն է տարածել` կապված փետրվարի 24-26-ին Ծաղկաձորում անցկացված խորհրդաժողովի հետ:
Նշենք, որ ավելի վաղ հայաստանյան կուսակցությունների երիտասարդական կառույցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ գործելու են հանդուրժողականության շրջանակներում եւ համագործակցելու են ընտրակեղծիքների դեմ պայքարում:
Սրան ի պատասխան, ՀԺԿ երիտասարդական խորհուրդը հայտարարում է.
«Հանդուրժողականության մթնոլորտը կարող է ձեւավորվել միայն հավասարության հիմքի վրա, իսկ քանի դեռ շարունակվում են քաղաքական հետապնդումները մեր եւ մեր համախոհների նկատմամբ, շարունակաբար կեղծված ընտրությունների, 2004թ.-ի ապրիլի 12-ի եւ 2008թ.-ի մարտի 1-ի հետ կապված դեպքերին իշխանությունները որեւէ գնահատական չեն տվել, իսկ այսօր վերջիններս հանդես են գալիս հանդուրժողականության կոչով, դա մենք աբսուրդ ենք համարում:
Սեմինարին մասնակցած բոլոր քաղաքական ուժերը կողմ արտահայտվեցին 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն, իսկ ՀՀԿ-ն, հաշվի առնելով մեծամասնական ընտրակարգով ընտրված մի շարք պատգամավորների կարծիքները, որոնք գրեթե միշտ բացակայում են ԱԺ նիստերի դահլիճից, եւ վերջիններս պառլամենտում զբաղվում են միայն իրենց բիզնեսներն ԱՊՊԱ անելով, դեմ արտահայտվեց այս կետին եւ այդ կետի քննարկումը հանվեց օրակարգից:
Հաշվի առնելով այս փաստերը` մենք չենք միանում այն կուսակցություններին, որոնք ստորագրեցին այս հայտարարության տակ, որոնք դարձել են, իսկ որոշներն էլ թեկնածություն են դրել դառնալու ՀՀԿ-ի կամակատարներ, եւ վերջինիս հետ հանդուրժողականության ձեւավորման կոչ են անում (խոսքը չի վերաբերում սեմինարին ներկա բոլոր կուսակցություններին):
Մենք ի խորոց սրտի մեր շնորհակալությունն ենք հայտնում «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւին եւ «Հայազն» երիտասարդական կառույցին, որոնք լրջագույնս գնահատեցին պահը եւ վերջիններս նույնպես հրաժարվեցին միանալ ստորագրահավաքին»:




























