Մի քանի օր առաջ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության տարածած հաղորդագրությունը, ըստ որի Խոջալուին վերաբերող միջոցառումներին մասնակցել է նաեւ վրացական Քվեմո Քարթլի շրջանի ղեկավար Դավիթ Կիրկիտաձեն, չի համապատասխանում իրականությանը:
Դիվանագիտական մեր աղբյուրներից պարզ դարձավ, որ ադրբեջանցիների կողմից Խոջալուին նվիրված Վրաստանում կազմակերպված միջոցառումներին Քվեմո Քարթլի շրջանը որեւէ կերպ չի մասնակցել, իսկ Դավիթ Կիրկիտաձեն այդ ժամանակահատվածում ընդհանրապես Վրաստանում չի եղել: Միջոցառումներին մասնակցել է Քվեմո Քարթլիի փոխնահանգապետ Հուսեյն Յուսոբովը, ով, սակայն, մասնակցել է որպես Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ:
Վրացական իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը նշեց նաեւ, որ ադրբեջանցիների կողմից կազմակերպված միջոցառումներին չեն մասնակցել ոչ Վրաստանի գիտությունների ակադեմիան, ոչ էլ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, չնայած այդ մասին հայտարարվել է ադրբեջանցիների կողմից:




























