Աղվերանում, մարտի 1-3-ին կիրականացնեն եռօրյա սեմինարների շարք` կրթության ներքին որակի ապահովման վերաբերյալ, որով կմեկնարկի հայաստանյան 8 խոշոր բուհերին հավատարմագրելու գործընթացը: Այդ բուհերն են Երեւանի պետական համալսարանը, Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիան, Երեւանի Հյուսիսային Համալսարանը եւ Երեւանի «Գլաձոր» համալսարանը:
Հավատարմագրման գործընթացն իրականացնելու է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, իսկ 3 բուհերի (ԵՊԲՀ, ԵՊՀ, ՀՊՃՀ) հավատարմագրման աշխատանքներին մասնակցելու եւ համակարգելու է նաեւ Նիդերլանդների եւ Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO):
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի աշխատանքային թիմը պարբերաբար հանդիպումներ է ունեցել նշված բուհերի հետ, ներկայացրել հավատարմագրման ընթացքը, սկիզբ դրել հավատարմագրման համար բուհի ինքնավերլուծություն իրականացնող աշխատանքային խմբի ձեւավորմանը: Սեմինարների շարքը միտված է առավել մանրամասն ներկայացնելու հավատարմագրման էությունը, կրթության որակի ներքին ապահովման մեխանիզմները: Այս նպատակով մասնագետները կվարեն աշխատաժողովներ, կքննարկեն եւ կծանոթացնեն կրթության որակի ապահովման լավագույն փորձին, ինքնավերլուծության իրականացման մեխանիզմներին, հավատարմագրման հիմնական հասկացություններին եւ այլն:
Սեմինարին ներկա կլինեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, NVAO-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փորձնական ինստիտուտցիոնալ հավատարմագրման գործընթացին մասնակից բուհերի ներկայացուցիչներից կազմված թիմեր:
Հավելենք, որ Նիդերլանդների եւ Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության ներկայացուցիչները շուրջ 2 տարի աշխատելու են ՀՀ-ում, աջակցելու են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին եւ հայաստանյան բուհերին` կրթության որակի ապահովման մշակույթի ձեւավորման գործում: Արդյունքում NVAO-ն ՈԱԱԿ-ին կնախապատրաստի միջազգային հավատարմագրման համար: Սեմինարների առաջին օրը նախատեսվում է ծրագրի մանրամասն ներկայացում:




























