Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` փետրվարի 28-ին, Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի աշխատակազմի եւ տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: NEWS.am-ին Տարածքային կառավարման նախարարությունից հայտնեցին, որ խորհրդակցությանը քննարկվել են գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ օրենսդրական փաթեթի հետ կապված հարցեր: Օրինակ`առաջարկվում է մինչեւ 2008թ. հունվարի 1-ը զրոյացնել հողի հարկի եւ գույքահարկի մասով գոյացած ապառքները: Իսկ 2008թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար հարկային արտոնություններ են սահմանվում: Խորհրդակցության մասնակիցներն ընդհանուր առմամբ դրական համարելով մոտեցումները` առաջարկություններ են ներկայացրել արտոնություններից օգտվողների շրջանակը հստակեցնելու, դրանք իրավաբանական անձանց եւ մինչեւ 2008թ. հունվարի 1-ը խոշոր ապառքներ ունեցող ֆիզիկական անձանց վրա չտարածելու վերաբերյալ: Առաջարկ է եղել նաեւ հողի հարկի դեպքում եւս կիրառելի դարձնել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում ամրագրված այն մոտեցումը, ըստ որի համայնքի ավագանին կարող է գույքահարկի գծով արտոնություն սահմանել` տվյալ տարվա համար այդ հարկատեսակի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների մինչեւ 10 տոկոսի չափով:
Փոխվարչապետը խոստացել է, որ առաջարկությունները կուսումնասիրվեն Ազգային ժողովում քննարկումների ժամանակ:




























