2012թ. մայիսի 6-ին` խորհրդարանական ընտրությունների օրը, ազգովի կանգնելու ենք ճամփաբաժանի առջեւ: Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով` կամ պետք է շարունակել պետության այս ընթացքը, որն ամեն օր խեղում է  քաղաքացու իրավունքը, իրավագիտակցությունը եւ ճակատագիրը, ժողովրդագրական, սոցիալական, քաղաքական ու այլ վտանգներ է ստեղծում պետության ինքնիշխանության ու այն պաշտպանելու համար, իսկ պետությունը մնում է խմբիշխան, քրեաօլիգարխիկ շահերի գերին, եւ որտեղ կոալիցիոն ներկայիս իշխանությունը, աչքի առաջ թշվառացող ու հայաթափվող երկիրն անվերջանալի մղձավանջ են թվում, կամ ազգովի սթափվում եւ իրավատեր ենք դառնում` կերտելով այն Հայաստանը, որը յուրաքանչյուրինն է ու բոլորինը, զերծ է անհավասար հնարավորություններից, հալածանքներից ու խտրականությունից` յուրաքանչյուրի իրավունքն ու ազգային շահերը սպասարկելուց մինչեւ ազգային հարստության թափանցիկ ու արդար բաշխում:

«Խորհրդարանում այս չորս եւ կես տարիների ընթացքում «Ժառանգություն» կուսակցությունը մշտապես կանգնեց անօրինականության ու կամայականության զոհերի, քաղաքացիների, նրանց խմբերի, սոցիալական տարբեր խավերի ու բազում համայնքների բնակիչների իրավունքների, վտանգի տակ հայտնված ազգային շահերի կողքին: Փորձեցինք անել այն, ինչ հնարավոր է անել` լինելով փոքրամասնություն եւ գործելով այս խեղդող ու փակուղային քաղաքական համակագում: Մեր կարգախոսը եւ ուղենիշն անփոփոխ մնացին` քաղաքացու իրավունքի համար, ժողովրդի կողքին եւ ազգային-պետական շահերին հավատարիմ»,- ասել է պատգամավոր:

Նա տեղեկացրել է, որ մարտի 2-ին «Ժառանգություն» կուսակցությունը գումարելու է իր 7-րդ համագումարը, հանրությանը  հաշվետվություն է ներկայացնելու իր արածների ու չարածների, հռչակելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր ծրագրերի ու մտադրությունների մասին: