Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը  քննարկման առարկա դարձնել: Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀՀԿ նախընտրական ծրագրի կազմման շրջանակներում ճարտարապետների, հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ հանդիպմանը, որի ժամանակ քննարկել է Երեւանի ճարտարապետական եւ քաղաքաշինական խնդիրները:

Հանդիպմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, անվանի ճարտարապետներ` Արթուր Մեսչյանը, Հրաչյա Պողոսյանը, Լեւոն Իգիթյանը եւ այլք:

«Գաղտնիք չէ, որ կան մի շարք հարցեր, որոնք դառնում են հասարակության բուռն քննարկման առարկա: Հիշենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի, Մաշտոցի այգում տաղավարների տեղակայման, փակ շուկայի վերանորոգման խնդիրները եւ այլն: Պետք է ձեւավորել կարծիքների բախման այնպիսի պլատֆորմ, որտեղ խնդիրները լուծում կստանան: Հասկանալի է, որ դրանք չեն կարող բոլորին բավարարել, մանավանդ, ճարտարապետներին, որոնք ստեղծագործող անձինք են»,- ասել է վարչապետը: 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մաշտոցի այգում մշտական տաղավարներ չեն տեղադրվելու եւ դրանք  տեղափոխելու են: Առկա է ՀՀ նախագահի հանձնարարականը` Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը  քննարկման առարկա դարձնելու համար: «Այդ ծրագիրը պետք է հաստատվի նաեւ կառավարության կողմից, որպեսզի վստահություն լինի քաղաքացիների մոտ, որ այդ խնդիրը կլուծվի: Ես, ընդհանրապես, մշտական տաղավարների տեղադրմանը դեմ եմ, եւ ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի այդ տաղավարները տեղափոխվեն: Մշտական տաղավարներ այգիներում չպետք է լինեն: Երեւանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր եւ ինձ դուր չի գալիս, որ այնտեղ իրականացվում է կապիտալ շինարարություն»,- ասել է վարչապետը: 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, ըստ որի` Հայաստանում այլեւս ձեւավորվել է քաղաքացիական հասարակություն, մեծ տպավորություն է գործել իր վրա: «Իշխանությունները պարտավոր են հանրությանը ներկայացնել իրենց որոշումների տրամաբանությունն ու անհրաժեշտությունը, լսել հանրության կարծիքը: Մենք պարտավոր ենք ամրապնդել քաղաքացիական հասարակությունը եւ մշտապես լինել երկխոսության մեջ հանրության հետ, այդ թվում նաեւ ճարտարապետական ոլորտում»,- ասել է վարչապետը:

Ճարտարապետները ողջունել են Տիգրան Սարգսյանի առաջարկը` մասնագիտացնել Հայաստանի քաղաքները եւ որոշ ֆունկցիաներ Երեւանից տեղափոխել մարզեր: «Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը եւս իր մեջ ճարտարապետական ասպեկտ ունի: Երեւանում են կենտրոնացվել բոլոր ֆունկցիաները, որը խանգարում է նաեւ տարածքների համաչափ զարգացմանը: Պետք է մտածենք, թե ինչպես բեռնաթափել մայրաքաղաքը»,- ասել է վարչապետը:

Տարոն Մարգարյանը նշել է, որ պատրաստ է համագործակցել ճարտարապետների միության հետ, գտնել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծումները: «Համոզված եմ, որ Ձեզ հետ համագործակցության արդյունքում կտեսնենք այն Երեւանը, որը ցանկանում ենք տեսնել: Երեւանը պետք է լինի հարմարավետ մեր քաղաքացիների, բնակիչների համար»,- ասել է քաղաքապետը:

Արթուր Մեսչյանի խոսքով`պետք է ճարտարապետների միության շրջանակներում քննարկումներով  հասկանալ, թե ինչպիսի շինարարություն կարելի է իրականացնել, ինչպիսին` ոչ: «Ուրախ կլինեի, որպեսզի նման քննարկումները ռազմավարության մշակման հիմք հանդիսանային: Մենք` ճարտարապետներս, պետք է հասկանանք, ինչ ենք ուզում եւ ովքեր ենք մենք: Միայն միասին կարող ենք հասնել որոշակի նպատակների»,- ասել է Մեսչյանը:

Ամփոփելով հանդիպումը` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Երեւանի ապագան, ճարտարապետական տեսքն առաջնային խնդիր է: «Մենք առկա խնդիրներին  պարտավոր ենք առաջարկել ժամանակակից լուծումներ: Դուք պետք է լինեք Երեւանի ապագայի վերաբերյալ որոշումների կայացման մասնակիցը: Պարտադիր է, որպեսզի բոլորի կարծիքը հնչի, ինչը քաղաքացիական հասարակության կարեւորագույն էլեմենտներից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն առաջարկել է ճարտարապետների միության հետ ստեղծել  աշխատանքային խումբ, որը ձեռնամուխ է լինելու Երեւանի փոքր կենտրոնին վերաբերող օրենքի նախագծի մշակմանը, որը կսահմանի այն օբյեկտների ցանկը, որոնք ենթակա չեն փոփոխման: «Մեծ հասարակական հնչեղություն ունեցող ծրագրերը պետք է դառնան հանրային քննարկման առարկա, անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի նաեւ հանրաքվե»,- ասել է վարչապետը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ճարտարապետները հանդես են եկել մի շարք առաջարկություններով: