Նոյեմբերի 27-ին Հայաստանում ֆրանսիական դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում ֆրանսիահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը ներկայացրեց իր՝ «Ոճրագործության բանակ» ֆիլմը:

Նշելով, որ այն նկարահանվել է 2008-ին, ֆիլմի հեղինակը տեղեկացրեց, որ կինոնկարն այս տարի ցուցադրվել է Կաննի փառատոնում (ոչ մրցութային ֆիլմերի շարքում): Նրա խոսքով, իրենց երկրներում ցուցադրելու համար, ֆիլմը ձեռք են բերել ինչպես եվրոպական, այնպես էլ չինական ընկերություններ։ Ռոբեր Գեդիկյանը նշեց նաեւ, որ ֆիլմի շնորհանդեսը Ֆրանսիայում տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին, իսկ Հայաստանում կինոնկարը առաջին անգամ կցուցադրվի նոյեմբերի 29-ին։

Անդրադառնալով կինոնկարի սցենարին՝ ֆիլմի հեղինակը պարզաբանեց, որ դրա հիմքում Ֆրանսիայում բոլորին հայտնի մի դեպք է ընկած։ «Ֆիլմը Ֆրանսիայի պատմության կարեւոր դրվագներից մեկի մասին է։ Պատմությունը տեղի է ունենում 2-րդ համաշխարհայինի տարիներին, երբ բազմաթիվ իսպանացիներ, իտալացիներ, ռումինացիներ, լեհեր ու հայեր, գալով իրենց երազած ազատ եւ լուսավոր Ֆրանսիա, հանկարծ հայտնվում են ֆաշիստական լծի տակ։ Միավորվելով Միսաք Մանուշյանի գլխավորությամբ գործող բանակի շարքերում՝ նրանք սկսում են պայքարել գերմանական ֆաշիզմի դեմ, իսկ ֆրանսիական կառավարությունը նրանց ճանաչում է իբրեւ „ոճրագործների բանակ“: Այստեղից էլ՝ ֆիլմի վերնագիրը»,- եզրափակեց Ռոբեր Գեդիկյանը։