Հայաստանի մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, «Սայաթ-Նովա» եւ Վահագն մրցանակաբաշխությունների կենտրոն» ՀԿ-ն 2012 թ. փետրվարի 29–ից -մարտի 5-ը Երեւանում անցկացնում են մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ` հոբելյանական փառատոնը, որին ՀՀ մշակույթի նախարարության հրավերով` Հայաստան-Լիտվա մշակութային երկկողմ համագործակցության շրջանակներում կմասնակցի նաեւ Լիտվայի պաշտոնական պատվիրակությունը` գլխավորությամբ Լիտվայի մշակույթի փոխնախարար Դեւիդաս Ստանպոնկուսի:
Մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում առանձին ծրագրով կներառվի նաեւ Վ. Փափազյանի անվ. Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն այս տարվանից կրկին անցնում է մոնոներկայացումների ձեւաչափին:
Փառատոնին կհյուրընկալվեն ռուս հանրահայտ թատերագետ Էլեոնորա Մակարովան, բելառուս հայտնի թատերագետ Լենա Լիոպոն, վրացի թատերական պրոդյուսեր Նինո Լապիաշվիլին, Վրոցլավի /Լեհաստան/ մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Վեցլավ Գերասը, Քիլի /Գերմանիա/ մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Իոլանտա Զուտովիչը, Խմելնիցկիի /Ուկրաինա/ մոնոներկայացումների միջազգային փառատոնի նախագահ Նինա Մազուրը, Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվ. դրամատիկական թատրոնի տնօրեն Նինա Նիկոնորովան եւ ուրիշներ:




























