Պետեկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, այսօր` փետրվարի 29-ին, քննարկում է տեղի ունեցել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում, որը նվիրված է եղել հասույթի գրանցման եւ առաքման գրքերը վերացնելու կառավարության որոշմանը:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով, սա լուրջ բարեփոխում է, որ նպատակ ունի թեթեւացնել հարկային վարչարարության խնդիրները, կրճատել հարկատու-ՊԵԿ-ի ներկայացուցիչ շփումները:  Նախկինում գործող օրենսդրական դրույթը թույլ էր տալիս նույնիսկ տեխնիկական սխալի, մատյաններում ուղղումներ կատարելու համար կիրառել բավականին լուրջ տուգանքներ: Այսօր դա վերանում է, եթե ձեռնարկությունն աշխատում է էլեկտրոնային եղանակով հաշիվ-ապրանքագիր դուրս գրելու մեխանիզմով, ապա նրա մոտ այլեւս այդ մատյանները պահելու պահանջ չկա, հետեւաբար, նաեւ ստուգման անհրաժեշտություն չկա: Եթե ապրանք է դուրս գրում կամ առաքում առանց ուղեկցող փաստաթղթերի, ապա տուգանքները բավականին խիստ են, եւ մենք դրան կողմնակից ենք: Կառավարության այս որոշումը որակապես փոխում է գործարարների պարտավորությունների իրականացման մշակույթը Հայաստանում: Սա բյուջեի համալրման համար ռիսկեր պարունակում է, բայց մենք համոզված ենք, որ գործարարին ազատ աշխատելու իրավունք տալով, կանխավ վստահելով հարկ վճարողներին, մենք ավելի շատ հարկ կհավաքագրենք, քան հարկային նախկին վարչարարության պայմաններում:

ՊԵԿ-ի կողմից իրականացվող թեմատիկ ստուգումներից ամենատարածվածը հենց այս առաքումների եւ հասույթների գրքերի գրանցումների ստուգումներն էին. տարեկան 2-3 հազար ստուգում իրականացվում էր այս թեմայով, եւ դրանցով բավականին լուրջ գումարներ էին հայտնաբերվում` մինչեւ 2,5 միլիարդ դրամ գումար էր գանձվում պետական բյուջե: Այս գրքերը շրջանառությունից դուրս բերելով, փաստորեն, այդ քանակի ստուգումներ եւ պատասխանատվության միջոցներ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ այլեւս չի կիրառվի:

«Եվրոթերմ» ընկերության տնօրեն Վահե Ղազարյանի կարծիքով, սա մեր երկրի ձեռնարկատիրական պատմության մեջ էական նշանակություն ունեցող փոփոխություն էր, պետության կողմից արված քայլ էր գործարարին ընդառաջ: Ամենակարեւորը,  որ հասույթի գրանցման եւ առաքման գրքերի վերացումը քայլ է դեպի հարկային վարչարարության պարզեցում: Այդպիսով պետությունն ապացուցում է, որ իր խնդիրը ոչ թե գործարարին պատժելը, տուգանելն է, այլ խրախուսման, ռեյտինգային մեթոդի ներդրումն է, երբ գործարարը ձգտում է շատ հարկեր վճարել, հայտնվել ոչ ռիսկային խմբում եւ քիչ ժամանակ ծախսել ստուգումների վրա: