Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի  առանձին դրույթների` ՀՀ Սահմանադրության 37, 14.1 եւ 43-րդ հոդվածներին  համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Հարցը վերաբերում է Հայաստանից մեկնած թոշակառուների (այլ երկրում ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով)` թոշակ ստանալու սահմանափակումներին: Այսինքն` մինչեւ թոշակառուն չվերադառնա Հայաստան եւ նոտարի կողմից հաստատված լիազորագիր չներկայացնի` նա իր թոշակը ստանալու իրավուքն չունի:

Այդ պահանջը, ըստ օմբուդսմենի, հանգեցնում է անձի ողջ լինելու փաստը հաստատելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետություն վերադառնալու պահանջի սահմանմանը (քանի որ նշված փաստաթղթերը նոտարի կողմից հաստատվում են միայն անձի ներկայությամբ):

Պաշտպանը գտնում է, որ նման իրավակարգավորման պայմաններում քաղաքացու կողմից կենսաթոշակ (այդ թվում` աշխատանքային կենսաթոշակ) ստանալու իրավունքի իրականացման կարգը սահմանափակում է նաեւ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքների, այդ թվում` ազատ տեղաշարժի իրավունքի իրականացումը: Վիճարկվող դրույթները չեն համապատասխանում նաեւ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի պահանջներին։