Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանի առողջական վիճակը նորմալ է եւ նա արդեն մի քանի օր աշխատանքի է գնում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց զինդատախազի օգնական Հարութ Մանուչարյանը:
Նշենք, որ զինդատախազին հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ փետրվարի 3-ին տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն, եւ Գեւորգ Կոստանյանը մոտ երեք շաբաթ անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում: Կոստանյանը հիվանդանոցից դուրս էր գրվել փետրվարի 22-ին, եւս մի քանի օր բուժում ստացել տնային պայմաններում: Կոստանյանը փետրվարի 24-ից աշխատանքի է գնում:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Կոստանյանին, սակայն, առաջիկայում կարող են ազատել զինդատախազի պաշտոնից: Ըստ լուրերի, նրա առողջական վիճակը չի բավարարում ծանրագույն աշխատանքը կատարելու համար: Նույնիսկ որպես հնարավոր փոխարինող նշվում է ՊՆ քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանի անունը:




























