«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 1-ի 4-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Չորս տարի առաջ այս օրը ուժով եւ արյամբ, սահմանադրական բոլոր նորմերի խախտմամբ եւ Զինված ուժերի օգտագործմամբ ճնշվեց նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ քաղաքացիական ընդվզումը: Չորս տարի անց այդ արյունալի իրադարձության հետեւանքները չեն վերացվել: Եվ ո՛չ չորս տարի անց, ո՛չ էլ երբեւէ հնարավոր չի լինի վերականգնել այն տասը երիտասարդ կյանքերը, որ ընսհատվեցին Երեւանի կենտրոնում, ինչպես մարտադաշտում:
«Բանակն իրականում» նախաձեռնությունը արձանագրում է.
1. Մարտիմեկյան իրադարձություններից մինչ օրս չեն բացահայտվել տասը սպանությունները, դրանց համար պատասխանատու անձինք, եւ ոչ ոք քրեական կամ այլ պատասխանատվություն չի կրել այդ սպանությունների համար: Չեն բացահայտվել եւ պատասխանատվության չեն կանչվել ցուցարարների վրա կրակելու հրաման տված բարձրաստիճան պաշտոնյաները: Պետությունը ոչ միայն Խախտել է քաղաքացիների կյանքի իրավունքը, այլեւ քայլեր չի ձեռնարկել զոհվածների ընտանիքներին եւ հասարակությանը բավարար պատասխան տալու համար կատարվածի մասին եւ վերացնելու անպատժելիության վերաբերմունքը ոստիկանական եւ զինված ուժերի կողմից:
2. Առ այսօր իրավական գնահատական չի տրվել 2008 թ. մարտի 1-ին, Երեւան քաղաքում քսանօրյա արտակարգ դրություն սահմանելու մասին Ռոբերտ Քոչարյանի արձակած հրամանագրին, որն ընդունվեց արտակարգ դրության մասին օրենքի բացակայության պայմաններում: Որեւէ քննության չեն արժանացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների իրավունքների խախտման փաստերը եւ որեւէ իրավական գնահատական չի տրվել այդ իրավունքների սահմանափակումներին:
3. Որեւէ քննության չի արժանացել 2008 թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի արձակած թիվ 0038 հրամանի օրինականությունը եւ իրավական գնահատական չի տրվել խաղաղ ցուցարարների նկատմամբ Զինված ուժերի օգտագործման փաստին:
Հասարակությունը մինչ այժմ չի ստացել վերոնշյալ հարցերի պատասխանը, որի հետեւանքով ձեւավորված անպատժելիության մթնոլորտը մնում է չհաղթահարված: Իրավական գնահատականների բացակայությունը չի կարող փոխարինվել իշխանությունների կողմից քաղաքական կամքի մասին բազմաթիվ հավաստիացումներով, քանի որ անպատժելիության մթնոլորտը հղի է հասարակության համար նորանոր վտանգներով: Ավելին, հենց այսօր Ազգային Ժողովում քվեարկության է դրված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փորձ է արվում օրինականացնել արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերի անվերահսկելի կիրառումը` չունենալով 2008 թ. մարտի 1-ի դեպքերի իրավական գնահատականները»:




























